Քաղաքական շրջանակներում վերջերս սկսել է շրջանառվել նախագահի նոր թեկնածուի անուն: Խոսքը «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին է:
Ինչպես այսօր գրում է «Հրապարակ» թերթը, նա կարող է լինել նախագահի միասնական թեկնածու, միասնական այն իմաստով, որ նրա թեկնածության շուրջ կարող են համախմբվել միանգամից մի քանի ուժեր: Չնայած բոլորը նշում են, որ Կարեն Կարապետյանը խիստ զգուշավոր անձնավորություն է և չի սիրում մասնակցել այնպիսի էքստրեմալ միջոցառումների, ինչպիսին նախագահական ընտրություններն են, և նույնիսկ Երևանի քաղաքապետի խիստ քաղաքական պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը մենեջեր, սակայն հնարավոր է, որ նա պարտադրված լինի գնալ նման քայլի, գրում է թերթը՝ նշելով, որ Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական իշխանությունները, որոնք, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն նրա վրա:
Ըստ «Հրապարակի»՝ Կարապետյանի թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձևավորվել երկու քաղաքական խմբավորումների` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև: Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելլա Քոչարյանի մերձավոր և միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հեռավոր ազգականն է: Բայց միայն ազգակցական կապերը չէ, որ միավորում են Կարապետյանին և Քոչարյանին. նրանք համարվում են միևնույն քաղաքական թիմի ներկայացուցիչներ: Այնպես որ, Կարապետյանը Քոչարյանի համար նախագահի լավագույն թեկնածուն է, և ԲՀԿ-ն, նրա հրահանգով, պատրաստակամորեն կպաշտպանի Կարապետյանի թեկնածությունը, գրում է «Հրապարակը»:
Ըստ թերթի՝ Կարապետյանի թեկնածությունը գրավիչ է նաև ՀԱԿ-ի համար, որը «վերջին շրջանում անվերապահորեն նվիրվել է ԲՀԿ-ին»: «Հրապարակը» նշում է, որ եթե նախագահական ընտրություններում առաջադրվեր որևէ ԲՀԿ-ական թեկնածու, ապա ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի համար բավական դժվար կլիներ իր կողմնակիցներին համոզել պաշտպանել այլ կուսակցության անդամի, որքան էլ որ Տեր-Պետրոսյանը փորձի համոզել, որ ԲՀԿ-ն իրեն անշահախնդրորեն նվիրել է ռեժիմի դեմ պայքարին: Բայց Կարեն Կարապետյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. նա կուսակցական չէ և այդ իմաստով կարող է լինել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի թեկնածուն, գրում է թերթը: