Նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգից նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջադրման հարցը դուրս է եկել: Այս մասին այսօր գրել է «Հայկական ժամանակը»՝ հղում կատարելով իր իշխանական աղբյուրին:
Վարդան Օսկանյանը երեկ չցանկացավ պատասխանել թերթի հարցերին և խնդրեց զրույցը թողնել մի ուրիշ օրվա: Օսկանյանի և ԲՀԿ-ի նախագահի թեկնածուի վերաբերյալ թերթի հարցերին պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» կհայտնի, երբ կունենա իր որոշումը:
«Բոլոր փորձերը` ստանալ ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, բոլոր ինտերպրետացիաներով, տարբեր վարիացիաներով, արժանանալու են նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կասի: Որևէ մեկի որևէ փորձ` կորզել ավելին` տարբեր ենթատեքստերով, տարբեր անհեթեթ վարկածներ դնելով շրջանառության մեջ, տարբեր անլուրջ հոդվածներ դնելով շրջանառության մեջ, արժանանալու են նույն պատասխանին` երբ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի: Ավելին Բարգավաճի որևէ ներկայացուցչից որևէ մեկը` նույնիսկ ամենահամառը, չի կորզել և չի կարողանալու կորզել ավելին», – ասել է Զոհրաբյանը:
Հարցին, թե արդյոք, անհեթեթ վարկած ասելով, նկատի ունի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելը, Զոհրաբյանը պատասխանել է, որ նկատի ունի բոլոր վարկածները:
Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակ» թերթը գրլ էր, որ Կարապետյանը կարող է լինել նախագահի միասնական թեկնածու, միասնական այն իմաստով, որ նրա թեկնածության շուրջ կարող են համախմբվել միանգամից մի քանի ուժեր:
Ըստ «Հրապարակի»՝ Կարապետյանի թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձևավորվել երկու քաղաքական խմբավորումների` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև: Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելլա Քոչարյանի մերձավոր և միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հեռավոր ազգականն է: Բայց միայն ազգակցական կապերը չէ, որ միավորում են Կարապետյանին և Քոչարյանին. նրանք համարվում են միևնույն քաղաքական թիմի ներկայացուցիչներ: Այնպես որ, Կարապետյանը Քոչարյանի համար նախագահի լավագույն թեկնածուն է, և ԲՀԿ-ն, նրա հրահանգով, պատրաստակամորեն կպաշտպանի Կարապետյանի թեկնածությունը, գրել էր «Հրապարակը»:
Ըստ թերթի՝ Կարապետյանի թեկնածությունը գրավիչ է նաև ՀԱԿ-ի համար, որը «վերջին շրջանում անվերապահորեն նվիրվել է ԲՀԿ-ին»: «Հրապարակը» նշում է, որ եթե նախագահական ընտրություններում առաջադրվեր որևէ ԲՀԿ-ական թեկնածու, ապա ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի համար բավական դժվար կլիներ իր կողմնակիցներին համոզել պաշտպանել այլ կուսակցության անդամի, որքան էլ որ Տեր-Պետրոսյանը փորձի համոզել, որ ԲՀԿ-ն իրեն անշահախնդրորեն նվիրել է ռեժիմի դեմ պայքարին: Բայց Կարեն Կարապետյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. նա կուսակցական չէ և այդ իմաստով կարող է լինել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի թեկնածուն, գրել էր թերթը: