Նույնասեռականների խնդիրներն արծարծող ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 17-ին. վայրը հայտնի է
Սրդջան Դրագոյեվիչի «Parada» կատակերգության ցուցադրությունը կկայանա հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 19:30-ին, Կոնգրես հյուրանոցի շքասրահում: Այս մասին ասվում է ԵՄ պատվիրկության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Ֆիլմը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկմանն ուղղված ԵՄ գործողությունների մի մասն է և այն վերաբերվում է լեսբուհիների, գեյերի, երկսեռականների և փոխսեռականների (ԼԳԵՓ կամ LGBT համայնք) նկատմամբ խտրականության բացառմանը:
Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի թեմայով: Այն կարևորում է քննարկումներ նախաձեռնելու և կանխակալությանն ու կարծրացած տեսակետներին դիմագրավելու արվեստի առանձնահատուկ դերը»,- մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 8-ին, սակայն ցուցադրությունը չի կայացել այն պատճառով, որ «Հայազն» միության բողոքի ակցիայի հետևանքով Տիկնիկային թատրոնը և The Club ռեստորանը հրաժարվել են պայմանավորվածությունից ցուցադրության համար սրահ տրամադրել: