2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Լիլիթ Պիպոյանը երբեք չի հարցնի՝ ինչու իրեն չեն հրավիրում Երևանի տոնին

Ինչու երգչուհի Լիլիթ Պիպոյանին չեն հրավիրում մասնակցելու Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին: Այս հարցը երգչուհին չի պատրաստվում երբևէ բարձրաձայնել տոնակատարության կազմակերպիչների մոտ, սակայն նշում է, որ դա վիրավորական է: Այս մասին Պիպոյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:

«Ինձ դա չի հետաքրքրում: Ես նախ և առաջ հրավիրված չեմ, հարց է առաջ գալիս, ինչո՞ւ: Ասենք՝ կազմակերպիչները գտնում են, որ ես չպիտի ներկայացնեմ Երևանը այդ օրը, դա վիրավորական է: Ես երբեք որևէ ելույթով չեմ մասնակցել Երևանի պետականորեն կազմակերպված տոնին: Իսկ երեկվա միջոցառման համար ուղղակի լսել եմ, որ ինչ-որ ռուսներ են եղել, ովքեր են եղել՝ չգիտեմ: Ինձ հուզում է, որ լավ միջոցառում կազմակերպվի, բայց ես ի՞նչ կարող եմ անել»,- ասել է Լիլիթ Պիպոյանը:

Նա ասել է նաև, որ ինքը հրավիրողների հետ չի շփվում:

«Մեր դաշտերը չեն հատվում ոչ մի կետում, որ ես այդ հարցերը տամ, հետո  ես այդ հարցը չեմ տա երբևէ ու չեմ դիմի: Եթե իրենք ինձ չեն դիմում, ուրեմն՝ քարը գլուխը»,- ասել է երգչուհին: