Ստրկությունից և լծից բացի...ի՞նչ է տվել Ռուսաստանն Էստոնիային, Լեհաստանին, Հայաստանին
Ռուսաստանցի իրավապաշտպան, քաղաքական գործիչ, հրապարակախոս Վալերիա Նովոդվորսկայան իր հոդվածում անդրադառնում է «ազգայնականություն» և «հայրենասիրություն» հասկացություններին ռուսաստանյան ընկալմամբ: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությմաբ.
«Խորհրդային դպրոցում սովորեցնում էին, որ ազգայնականությունը դա մթություն է և հնություն: Բայց միշտ մոռանում էին ասել, որ կա ազգայնականություն, իսկ կա նաև ճնշված ծայրամասերի հայրենասիրություն:
Ո՞վ կասի, որ Պռուսիայի, Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի կողմից օկուպացված ու բաժանված Լեհաստանը ազգայնականություն է դրսևորել, երբ ապստամբել է Կոստյուշկոյի հետ, ապստամբել է 30-ին, ապստամբել է Նապոլեոնի հետ, ապստամբել է 63-ին, պայքարել է 20-ին լենինյան զորքերի դեմ: Դա այլ կերպ է կոչվում: Այլապես մենք ազգայնական պետք է անվանենք նաև ֆրանսիացի մարկիզարներին, ովքեր չէին ցանկանում Երրորդ ռեյխի քաղաքացիներ լինել: Իսկ նրանք պայքարում էին Ֆրանսիայի ազգային անկախության և ֆաշիզմից ազատագրման համար:
Երբեք մի մոռացեք մեր պատմական մեղքի մասին:
Ինչո՞ւ է գարշելի ռուսաստանյան կայսերական շովինիզմը: Որովհետև դրա համար ոչ մի արդարացում և հիմք չկա՝ ինչպես XIX դարում, այնպես էլ XXI-ում:
Տիրապետող ազգը բնակչության 80 տոկոսն է: Եթե այն ասում է, որ իրեն սպառնում է Կովկասը, կամ, ինչպես մի ռոք-խումբ էր գրել Կանզասը, և պետք չէ սեփական գարեջրով և ապխտած ձկով կերակրել այդ Կանզասը՝ դա աբսուրդ է:
Մենք պետք է ապաշխարհելով գլուխ խոնարհենք նրանց առջև, ում մենք զրկել ենք ընտրությունից, զրկել ենք ազգային անկախությունից, և, ստրկությունից ու լծից բացի, ոչինչ չենք տվել:
Եթե անգլիացիները Հնդկաստանին խորհրդարան են տվել, հնդիկների այրիներին դադարել են կրակի վրա այրել, ապա, ասացեք խնդրեմ, ի՞նչ ենք մենք տվել Լեհաստանին, ձերբակալություններից ու ծեծից բացի: Ի՞նչ ենք մենք տվել, բացի ոչնչացումից ու արտաքսումից, Լիտվային, Լատվիային և Էստոնիային: Ի՞նչ ենք մենք տվել Մոլդովային, Վրաստանին, Հայաստանին...
Դրա համար էլ մենք պետք է մոռանանք մեր կայսերական անցյալը: Եվ մեր մեղքը քավենք:
Եվ երբեք հավասարության նշան մի դրեք մեր սեփական հանցագործությունների և այդ հանցագործությունների զոհերի միջև»: