2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թերլեմեզյանի ուսումնարանը ժառանգաբար է փոխանցվում. ուսանողները դեմ են նախկին պատգամավորի հարսին

ԱԺ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդու՝ Նարեկ Առուշանյանի անժամանակ մահից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Առուշանյանի կինը՝ Աննա Մնացականյանը։ Այդ փաստն անհանգստացրել է քոլեջի ուսանողներին և դասախոսներին, որոնք կարծում են, որ տնօրենը արվեստի բնագավառի հետ որևէ առնչություն չունի: Սակայն երբ գեղարվեստի պետական քոլեջի բակում «Ժողովուրդ»-ը զրուցում էր ուսանողների հետ, նկատվեց, որ շատերը վախենում են ազատ արտահայտել իրենց կարծիքը:

«Մեր նոր տնօրենը չի հասկանում, թե ինչ չափանիշներով է որոշվում արվեստի գործի գնահատականը, կամ, առավել ևս, ինչ չափանիշներով է հարկավոր ընտրել այն արվեստագետներին, որոնք պիտի նշանակվեն տնօրենի կողմից՝ նոր սերունդներ կրթելու համար», - նշել է ուսանողներից մեկը, ով չի ցանկացել իր անունը հրապարակել, որպեսզի ընկերների նման խիստ նկատողություն չստանա և չհայտնվի ղեկավարության ուշղադրության կենտրոնում:

Քոլեջում ստեղծված իրավիճակի շուրջ թերթը զրուցել է նաև երգչուհի, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, որի հայրը երկար տարիներ եղել է այդ քոլեջի տնօրենը։ Նկարիչ Սամվել Պետրոսյանն աշխատանքից հեռացվեց, որպեսզի տնօրեն նշանակվեր իր քրոջ որդին։ Սակայն երկուսն էլ այս տարի մահացան։

«Այս ամենն ինձ հիշեցնում է Թուրքմենբաշու ընտանիքի՝ զբաղեցրած աթոռը ժառանգաբար մեկը մյուսին անցնելու տխրահռչակ պատմությունը», – իր հորաքրոջ գործելաոճի մասին ասել է Պետրոսյանը՝ հավելելով, «Ես հայր եմ կորցրել, ուսուցիչ, ընկեր և սգում եմ այդ անդառնալի կորուստը ու, անկեղծ ասած, այդ գործերով զբաղվելու ո՛չ սիրտ ունեմ և ո՛չ էլ հավես։ Կարող է և ծրագրավորողն էլ արվեստասեր լինի, և կիբեռնետիկը հասկանա արվեստից։ Մենք կարծես թե ուրիշ բանից ենք խոսում, կերպարվեստ ուսուցանելու հետ արվեստասիրությունն այնքան էլ կապ չունի։ Սա այդ դեպքը չէ։ Իսկ Թերլեմեզյանի ուսումնարանը կերպարվեստի ուսուցման հենց հիմքն է։ Ավելին ասել չեմ կարող։ Խնդիրը շատ լուրջ է, և կարծում եմ, որ շատ լուրջ վերաբերմունք է պահանջում: Կարող եմ անկեղծորեն զարմանալ, որ տիկին Աննա Մնացականյանի սկեսուրն այդքան եռանդ և էներգիա ունի, որ դեռ «շախմատ» է խաղում»։

Վերջում «Ժողովուրդ»–ը զրուցել է նաև Գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ԺՊ Աննա Մնացականյանի հետ, որը շտապեց հայտնել, որ իր դեմ բողոքող ընդամենը մի փոքր խումբ կա։ «Եկեք ուսումնարան և տեսեք, թե ինչքանով է կազմակերպված կամ անկազմակերպ իրավիճակ քոլեջում։ Մի փոքրաթիվ մարդկանց խումբ, որոնք անընդհատ հիշեցնում են իմ առաջին մասնագիտությունը, բայց երկրորդ մասնագիտության մասին մոռանում են»,– ընդգծել է Մնացականյանը: Նրա հավաստմամբ՝ ինքը նկատողություն է արել դասախոսներին միայն աշխատանքների թերացման և ոչ պատասխանատու մոտեցման համար: