Գլխավոր / Հայաստան / Ոստիկանությանը հայտնի է՝ ում հետ է եղել ռեստորանում սպանված փաստաբանը

Ոստիկանությանը հայտնի է՝ ում հետ է եղել ռեստորանում սպանված փաստաբանը

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 49-ամյա Սամվել Շարբաթյանը, ում դիակը՝  բռնության հետքերով, երեկ գտել են Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում, նախկինում աշխատել է ոստիկանության քննչական ապարատում՝ որպես քննիչ, և քննիչի աշխատանքը թողնելուց հետո սկսել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Վանաձորցիները Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Շարբաթյանը 3 հոգու հետ գտնվել է «Մուշ» ռեստորանում, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որը շարունակվել է ռեստորանի բակում: Ծեծողները նրան մահացած վիճակում թողել են դեպքի վայրում և դիմել փախուստի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների, ինչպես նաև՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը արդեն պարզել են երեք անձանց ինքնությունները և այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: