2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ստամբուլում հայկական դպրոցի նոր շենք են կառուցում

Թուրքիայի հայ համայնքը երկրի իշխանություններից թույլտվություն է ստացել հայկական Դադյան դպրոցի համար նոր շենք կառուցել Ստամբուլի Բաքիրոյ թաղամասում, գրում է Hurriyet Daily News-ը: Շինարարական աշխատանքները ավարտին են հասցվելու երկու տարվա ընթացքում:

Դպրոցի շինարարությունը արժենալու է 2,5 միլիոն դոլար, գումարի մեծ մասը հատկացնելու է հայ համայնքը, օգնություն է ցուցաբերելու նաև Բաքիրոյի թաղապետարանը: Դպրոցի ընդհանուր տարածքը կազմելու է 1750 քմ, իսկ հիմնարկեքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին:

Hürriyet Daily News-ի հետ զրույցում Բաքիրոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի ղեկավար Մեսութ Օզդեմիրը նշել է, որ իրենք ուրախ են թույլտվությունը ստանալ տասը տարվա փորձերից հետո:

Ստամբուլում պաշտոնապես 50 հազար հայ է բնակվում: Քաղաքում 12 հայկական դպրոց կա: Օզդեմիրի խոսքով՝ ևս մեկ մեծ դպրոցն անհրաժեշտություն է:

«Ոմանք մեզ քննադատում էին նոր դպրոցի կառուցման պատճառով, այնուամենայնիվ, ներկայումս մեր դպրոցը պատմական շենքում է տեղակայված և մենք իրավունք չունենք այն վերակառուցել ու բարելավել շենքային պայմանները: 400 ուսանողի համար այն շատ փոքր է, իսկ մենք ուզում ենք, որպեսզի մեր աշակերտները ժամանակակից պայմաններ ունենան: Այդ իսկ պատճառով, մեզ նոր շենքը հարկավոր էր», - ասել է Օզդեմիրը:

Դադյան դպրոցը ամենահին հայկական ուսումնական հաստատություններից է, այն կառուցվել է սուլթան Սելիմ III-ի օրոք 18-րդ դարի վերջին: Նոր շենքի ճարտարապետ Նուբար Մանավյանը նշել է, որ դպրոցում 16 դասասենյակ է լինելու, մանկապարտեզ, մարզահամալիր, գրադարան և 220 տեղանոց դահլիճ: