2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Քարերի սիմֆոնիայից» գողացված սալիկները տանում էին գերեզմանոց, պարզել է ոստիկանությունը

Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիա» («Բազալտե երգեհոն») համալիրի քարերը կոտրելու և գողանալու մասին երեկ մամուլում տարածված հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նոյեմբերի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ՝ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ 23-ամյա  Ֆելիքս  Մ.-ն, 31-ամյա Սևակ Հ.-ն և Ջիվան Դ.-ն, որոնք նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել  ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ սույն թվականի հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել:

Հիշեցնենք, որ բնապահպան-ակտիվիստներն արդեն տևական ժամանակ է՝ ահազանգում են Գառնու ձորի տարածքում «Քարերի սիմֆոնիա» սյունաձեւ բազալտների նկատմամբ վանդալիզմի մասին:

«Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը մի քանի անգամ նկարահանել էր քարերի ոչնչացման տեսարանները և միևնույն ժամանակ տեղեկացրել է Գառնու համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին՝ խնդրելով, որ վերջինս համապատասխան քայլեր ձեռնարկի բնության այս եզակի հուշարձանի նկատմամբ վանդալիզմը կանխելու ուղղությամբ եւ հաղորդում ներկայացնի ոստիկանություն:

Տեսանյութում ակնհայտ երևում է, թե վանդալները դեպքի վայրում ինչպես են նախապես քարերը մանրացրել, դասավորել և նախապատրաստել մեքենայով տեղափոխելուն: Այն պահին, երբ վանդալները նկատել են բնապահպան-ակտիվիստներին, անմիջապես դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրենց գործիքներն ու մանրացված քարերի մի մեծ կույտ, հայտնել էին ակտիվիստները:

Դեպքի առնչությամբ նրանք կրկին դիմել էին Գառնու համայնքի ղեկավարին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, մասնավորապես՝ իր կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում հանցագործությունը կանխելու ուղղությամբ:

Նրանք նաև հայտարարություն են տարածել, որով  դիմել են ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին և պահանջել, որպեսզի ծառայողական քննություն անցկացվի՝ պարզելու՝ թե ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքն ինչո՞ւ մինչև այսօր քայլեր չի ձեռնարկել Գառնու համայնքի ղեկավարի հաղորդմանն իրավական գնահատական տալու, Գառնու տարածքում «Քարերի սիմֆոնիայի» վանդալիզմը կանխելու, հանցագործներին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Լուսանկարը՝ arshavakanner.am