ԲՈՒՀ-երի և ընդունելության քննությունների մասին տեղեկություններն աշակերտներին հասանելի կլինեն օնլայն
«Dasaran.am» կրթական ծրագիրը, Գնահատման և թեստավորման կենտրոնը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) այսօր ներկայացրել են Dasaran.am կայքում տեղ գտած «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը:
Ապագա ուսանողների համար նախատեսված «Դիմորդի անկյուն»-ը թույլ է տալիս մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին:
Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները: «Դիմորդի անկյան» շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին և որոշումներին, ինչպես նաև օգտվել մասնագիտական ուղեցույցից և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
Մասնագիտության ընտրությունը հնարավոր է անել` քննական առարկան կամ առարկաները ընտրելու միջոցով:
Նշենք, որ Dasaran.am-ի ցանցում ընդգրկված է 502 դպրոց. այս պահին կայքն ունի ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 20.256 ուսուցիչներ: