Հայաստանի դեմ ծառացած հիմնախնդիրների լուծման ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրային առանձնահատկությունները ներկայացնելու համար Epress.am-ը հարցեր է ուղղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին՝ նախագահի թեկնածուն բացասական է գնահատել իշխանությունների վարած քաղաքականությանը, սակայն չի մանրամասնել, թե իր քաղաքականությունը ինչով կտարբերվի: Այս հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը միայն ասել է, որ Արցախը կճանաչվի իր տարածքային ամբողջականությամբ:
Բանակում բարեփոխումների մասին հարցին թեկնածուն առաջարկել է հետևյալ լուծումը. «Օրենքի իշխանությունը սոսկ կլուծի բոլոր այս հիմնահարցերը: Հայաստանը պետք է ոչ միայն արտադրի ու ձեռք բերի ժամանակակից առաջատար զինատեսակներ, այլև առաջին ճակատ ուղարկի միմիայն պատրաստված, հատուկ ուսուցում անցած և պայմանագրային հատուցում ստացող փորձառու զինվորներ»:
Հայաստանում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պահպանման հարցին ադնարդառնալով՝ թեկնածուն ասել է, որ բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն:
Մեր վերջին հարցին, թե հնարավոր համարու՞մ է արդյոք, որ ընտրություններն անցնեն արդար, և եթե կեղծիքներ լինեն, ապա պայքարի ինչպիսի՞ միջոցներ է կիրառելու, Հովհաննիսյանը պատասխանել է. «Անգամ ակնհայտ կամ թաքուն կեղծիքների դեպքում՝ եթե Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը տնից դուրս գա փետրվարի 18-ին և մասնակցի արժանապատվորեն ու խղճի մտոք, ապա պայքարը կլինի տևական և ի վերջո՝ հաղթական»: