Home / Հայաստան / ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելուց չեն հրաժարվի

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելուց չեն հրաժարվի

Հայ Ազգային Կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ չեն հրաժարվելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերից:

Հիշեցնենք, որ վերոնշյալ երեք ուժերը նախորդ տարվա վերջին որոշում էին կայացրել նախագահական ընտրություններին սեփական թեկնածուվ հանդես չգալ: Epress.am-ի հետ զրույցում հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու մասին տեղեկությունը ՀԱԿ-ից հաստատել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ պատգամավոր Վահան Բաբայանը, իսկ ՀՅԴ-ից՝ Արսեն Համբարձումյանը: Վերջինս նշել է, որ իրենք ընտրությունները չեն բոյկոտում, տեղամասերում կունենան իրենց ներկայացուցիչները:

Վահան Բաբայանը նշել է, որ անկախ իրենց կայացրած որոշումներից, ԲՀԿ-ի ներկայացուցիչները օրենքով նախատեսված կարգով իրականացնելու են իրենց պարտականությունները տեղական ընտրական հանձնաժողովներում:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 884-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 619-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155 -ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 110-ական, «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 110-ական, «Ժառանգություն» կուսակցություն՝ 110-ական: