2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Համարեք, որ ես ադրբեջանամետ դարձա». Բորիս Ակունինը գրել է հալածվող գրողի մասին

Հայտնի ռուսաստանցի գրող Գրիգորի Չխարտիշվիլին, ով ավելի հայտնի է Բորիս Ակունին կեղծանունով, իր բլոգում գրել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ իրագործվող հալածանքների մասին:

Հիշեցնենք, որ վերջինս Ադրբեջանում ճնշման է ենթարկվում հայերի մասին «Քարե երազ» վեպը հրապարակելուց հետո:

«Ես գիտեմ, որ, այս տեքստը կարդալով, որոշ ադրբեջանցիներ կասեն, որ ռուսաստանցի գրողը չպետք է խելք սովորեցնի հարևան երկրներին, քանի որ իր տան մոտ ով ինչ ասես չի կատարվում: Բայց այն պահից ի վեր, ես Ադրբեջանի մասին գիրք գրեցի, այդ երկիրն ինձ համար օտար չէ: Ինձ դուր եկավ Ադրբեջանը և ադրբեջանցիները: Ինձ վրա լուրջ տպավորություն թողեց կախարդական քաղաքը՝ Բաքուն: Ավելին ասեմ՝ այցելելով Բաքու և շփվելով մարդկանց հետ, ես պարզեցի, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մեջ ամեն ինչ սև-սպիտակ չէ: Ինձ անարդար թվաց, որ աշխարհը միահամուռ հակամարտության միայն մեկ կողմին է պաշտպանում: Համարեք, որ ես ադրբեջանամետ դարձա», - գրել է Ակունինը:

Այդ համատեքստում Ակունինը հարց է տալիս՝ ի՞նչ եք ձեզ հետ անում, հարգելի ադրբեջանցիներ:

«Գտնվել է մի քաջ մարդ՝ գրող Աքրամ Այլիսլին, ով առաջին անգամ երկար ժամանակահատվածի ընթացքում հաշտության կոչ է անում: Կոչ արեց այնպես, ինչպես պետք է կոչ անի գրողը՝ գեղարվեստական տեքստ է գրել: Հաշտության քայլն այն է, երբ ասում են՝ տեսեք, տեղի ունեցածի մեջ նաև մեր մեղքը կա: Ինչո՞ւ եք Աքրամ Այլիսլիի վրա պետության, հասարակական կազմակերպությունների և մասսաների զայրույթն ուղղել: Մի մարդու վրա: Ով 75 տարեկան է: Վեպի համար: Խնդրում եմ՝ կանգնեք: Դուք աշխարհի աչքերում ծանր հարված եք հասցնում ձեր երկրի վարկին: Մի՞թե դուք չգիտեք, որ գրողի հետ պարտերազմում պետությունը սկզբունքորեն հաղթել չի կարող: Սպանել կարող է, հալածել՝ հեշտությամբ: Բայց միշտ էլ պարտված կողմ է մնալու: Դուք ցանկանո՞մ եք, որպեսզի կրկնվի Սալման Ռուշդիի պատմությունը: Ցանկանո՞մ եք մերժված երկիր դառնալ:

Իսկ Աքրամ Այլիսլիին  ցանկանում եմ ամրություն և ոգու խաղաղություն: Նա գիրք է հեղինակել, որը չէր կարող չհեղինակել: Դա գրողի համար ամենակարևորն է», - եզրափակել է Ակունինը: