2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Փակ շուկայի հետնամասի նորակառույցը պետք է ապամոնտաժվի. Մշակույթի նախարարություն

Երեկ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հերթական նիստին որոշվել է ապամոնտաժել սեփականատիրոջ կողմից Երևանի կենտրոնում գտնվող Փակ շուկայի շինության վրա կատարված շինարարական փոփոխությունները, ինչպես նաև իրականացնել նախագծով նախատեսված Փակ շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման աշխատանքներ: Այս մասին հայտնում է նախարարության կայքը:

Ըստ փորձագիտական գնահատականի՝ պետք է նաև մշակել շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Նշենք, որ Փակ շուկայի շինարարության ժամանակ վանդալիզմի հարցով քրեական գործ հարուցելու պահանջով մի շարք մտավորականներ ու ճարտարապետներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին: Նախաձեռնության անդամները պնդում են, որ Փակ շուկան որպես մշակութային հուշարձան պետք է պահպանի իր տեսքը, ինչը չի արվում ներկայիս սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից, որը փոփոխությունների է ենթարկում շինությունը:

Նախձեռնության անդամներից Սաշուր Քալաշյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մշակույթի նախարարարության որոշմանը, այն համարել է ճիշտ մասնագիտական գնահատական: Քալաշյանի կարծիքով՝ նման որոշում կայացվել է նաև իրենց ստորագրահավաքի, ինչպես նաև Շուկայի հարցով քաղաքացիական հասարակության հետևողականության պատճառով:

«Ինչև, եկեք չշտապենք, սա միայն Մշակույթի նախարարության գնահատականն է, ու ես վստահ չեմ, որ դա բավական կլինի, որպեսզի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հետ կանգնի Շուկան քանդելու մտքից», -ասել է Քալաշյանը՝ նշելով, որ իրենց նպատակն է վերականգնել Փակ շուկայի նախկին տեսքը: