2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Ուզում եմ ինձ չասեն` գնամ կոֆե դնեմ». Ֆեմ Մանիֆեստ՝ մարտի 8-ին

Մարտի 8-ին մի խումբ քաղաքացիական ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպած «Ցտեսություն իշխանություն» կարգախոսի ներքո անցկացվող տոնական ակցիաներն ավարտվել են Ազատության հրապարակում:

Ակցիաների մասնակիցները երեկոյան կարդացել են «Ֆեմ Մանիֆեստ, Հեղափոխություն Յարս» մանիֆեստը, որով ամրագրվում է՝ Հայաստանում ծնված, հայաստանյան հասարակության մեջ ապրող ազատ կինը պատրաստակամություն է հայտնում իր իրավունքները պաշտպանել:

Մանիֆեստի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ:

Մերժում եմ այն համակարգը, որի մեջ ինձ դաստիարակում են և վերաբերվում են որպես ենթարկվող-հնազանդ, տեսակետ չունեցող, անինքնավստահ, հարմարվող, կցորդ:

Գիտակցում եմ, որ ապրում եմ պատրիարխալ, սահմանափակող համակարգում, որտեղ ստորադասը ես եմ, որտեղ ես օբյեկտ եմ, ոչ թե սուբյեկտ: Վստահ եմ, որ եթե ինքս չազատագրվեմ, ոչ ոք իմ փոխարեն դա չի անի:

Ուզում եմ իմանալ իմ տեսակի պատմությունը: Ուզում եմ ինձ չասեն` գնամ կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել և օրգազմ ապրել սեքսի ժամանակ, առանց անբարոյական պիտակվելու: Ուզում եմ մարմինս իմը լինի, բռնության չենթարկվեմ, իմանամ ինքնապաշտպանվել: Ուզում եմ աշխատել և այն մասնագիտությամբ, որն ինքս կընտրեմ` նաև հոգևորական, զինվորական, վարորդ, վարչապետ:

Բարձրաձայնում եմ, որ ազատ եմ` խոսել թե չխոսել և ինչպես արտահայտվել, մասնակցել, թե չմասնակցել, ընդդիմանալ թե համաձայնվել: Անընդհատ բախվում եմ` կնիկ ա` հիմար ա, հիստերիկ ա, բան չի հասկանում, կինը ուր` քաղաքականությունն ուր կարծրատիպերի հետ:

Ապրում եմ ոչ իմ տեսակի ստեղծած խաղի կանոններով, որպես ուրիշ, ուրիշի աշխարհում ինձ փնտրելով: Փոխելով ինձ` փոխում եմ աշխարհը:

Ընտրում եմ` ինչպիսին լինել` տարբեր թե՞ մեծամասնության նման, ընդունված մոդելից դուրս թե՞ ներս, կույս լինել թե՞ չլինել, ամուսնանալ թե՞ չամուսնանալ, երեխա ունենալ թե՞ չունենալ, ամուսնանալով երեխա ունենալ թե՞ առանց ամուսնանալու: Ընտրում եմ իմ կարգավիճակը, իմ ապրելաձևը, իմ շարժուձևը, հագուկապը, մասնագիտությունը, աշխատանքը, իմ սոցիալական ցանցը: Ընտրում եմ համարձակ լինելը:

Գործում եմ տարբերների հետ հավասարի պես. գործում եմ հանուն. այն դաշտերում, որտեղ ավանդաբար պիտի չլինեի` ընտանիքից դուրս, պետությունից դուրս, իշխանությունից դուրս, հասարակական կարծիքից դուրս:

Իրացնում եմ իմ մտքերը, մարմնի ցանկությունները, երևակայությունը, երազանքները:

Որոշում եմ քննադատել, փոխել, կոտրել, ապրել, պարել, ստեղծել, սիրել:

Ստեղծում եմ իմ իրականությունը և հրավիրում եմ ձեզ այն ինձ հետ կիսելու:

Առաջարկում եմ առաջարկել բոլոր չառաջարկված առաջարկները:

Ինձ սահմանափակելն անհնար է, ես դուրս եմ եկել սահմաններից, ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի»: