«Բարև Գյումրի»-ի «Էրթաս Բարով»-ը Շուշան Պետրոսյանին. ոստիկաններին խնդրում են առանց զենքի գալ
«Բարև Գյումրի» քաղաքացիական շարժումը այսօր երեկոյան պատրաստվում է «Էրթաս Բարով» ասել ՀՀ վաստակավոր երգչուհի, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին, ով այսօր երեկոյան համերգով է հանդես գալու Գյումրիում:
Ավելի վաղ քաղաքացիական շարժման ակտիվիստ Արսեն Վարդանյանը նշել էր, որ շարժումն ակցիաներ է պատրաստում Շուշան Պետրոսյանի դեմ, քանի որ վերջինս մարտի 1-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ժամանակ, գյումրեցիներին նկատի ունենալով, ասել էր, թե ազնիվ չէ՝ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀԿ-ականներին մասնակցել Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում կայանալիք համերգին: Ըստ տարածված լուրերի՝ Գյումրի կարող է մեկնել ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը:
Երեկ երեկոյան «Բարև Գյումրի»-ի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այսօր 18:00-ից սկսած նախաձեռնության անդամները հավաքվելու են Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի մուտքի մոտ: Նրանք բարևելու են ներկա քաղաքացիական անձանց, ոստիկաններին և մինչ համերգի սկիզբը՝ պատրաստելու են Գյումրի քաղաքին վերաբերող «խնդիրների գորգ»:
«Քանի որ մամուլից տեղեկացել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղեկցող այցի մասին, ապա նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր շահագրգիռ քաղաքացիներին՝ ներկա լինել ցուցահանդես- բողոք ակցիային և սեփական խնդիրը բարձրաձայնել: Հաշվի առնելով ոստիկանների ներկայությունը ցուցահանդեսի և ողջ համերգի ընթացքում՝ խնդրում ենք նրանց՝ ներկայանալ առանց զենքերի և պատժիչ զրահատեսակների, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրելու և «Բարև Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության կողմից կատարվող յուրաքանչյուր քայլ կատարվելու է խաղաղ՝ առանց հասարակական կարգի խանգարման: «Խնդիրների գորգով» ցույց են տալու Շուշան Պետրոսյանին՝ «բողոքելու տեղ չունեցող» հայրաքաղաքի օրեցօր ահագնացող խնդիրները և թե ինչու՞ նա պետք է ներողություն խնդրեր գյումրեցիներից և բոլոր ազատ քաղաքացիներից», - նշվում է շարժման հայտարարության մեջ: