Շուշան Պետրոսյանը հրաժարվել է Գյումրիի համերգից. նրա դեմ բողոքելու էին
Մարտի 13-ին Գյումրիում նախատեսված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի համերգը կհետաձգվի: Այս մասին երգչուհին ասել է tert.am կայքին:
«Թեպետ ինձ հայտնի է, որ տասներեք հոգի ցանկանում են խաղաղ ցույց անել: Բայց կարծում եմ, որ նման տրամադրությունների դեպքում բախումներն անխուսափելի են և որպեսզի իմ նկատմամբ անհիմն մեղադրանքների շարանը չավելանա ևս մեկով, կարծում եմ՝ հետաձգենք, մինչ մարդիկ ավելի խաղաղ տրամադրություններ կունենան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Բարև Գյումրի» քաղաքացիական շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ երեկոյան պատրաստվում է «Էրթաս Բարով» անունը կրող ակցիան անցկացնել «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ, որտեղ պետք է կայանար համերգը:
Ավելի վաղ քաղաքացիական շարժման ակտիվիստ Արսեն Վարդանյանը նշել էր, որ շարժումն ակցիաներ է պատրաստում Շուշան Պետրոսյանի դեմ, քանի որ վերջինս մարտի 1-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ժամանակ, գյումրեցիներին նկատի ունենալով, ասել էր, թե ազնիվ չէ՝ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի:
Նշենք, որ աղմկահարույց հաղորդումից հետո երգչուհին երկրորդ անգամ է հրաժարվում նախապես պլամավորված հանրային միջոցառմանը մասնակցելուց: Առաջին անգամ անցած շաբաթ նա հրավիրված էր Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը և հրաժարվել էր ներկայանալ հաղորդումից մի քանի րոպե առաջ:
Լուսանկարը` hayeli.am