2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Ապագա կոմսոմոլականներ են պատրաստում». Վարդան Պետրոսյանը՝ բուհերի մասին

Ֆրանսահայ դերասան Վարդան Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանելն իր անձնական որոշումն էր և կապ չունի ֆրանսահայերի միջավայրում տիրող մթնոլորտի հետ: Այս մասին դերասանն ասել է «Հրապարակ» թերթի հետ զրույցում:

«Սարսափեցի այն մտքից, որ ինչպես հիմա՝ մոտ 100 տարի անց հանգիստ նստած սուրճ ենք խմում ու քննարկում, թե ինչու Ղարսը տվեցինք, մի 30 տարի հետո էլ հանգիստ կքննարկենք, թե այս անգամ ինչու այսպես եղավ», - ասել է Վարդան Պետրոսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը համեմատելով նախորդ շարժումների հետ՝ դերասանն ասել է, որ նախորդներում ավելի շատ կրակ  կար, մարդիկ ավելի ակտիվ էին:

«Հիմո ժողովուրդն ավելի հոգնած, կորացած է: Նախորդներում ընդդիմության առաջնորդներն ամիսներ շարունակ մարդկանց նախապատրաստում էին ընտրություններին, իսկ այստեղ դա չկար, և ամեն մարդ ինքն իր մեջ կայացրեց որոշումը», - ասել է Պետրոսյանը:

Դեսանանն անդրադարձել է նաև օրերս տեղի ունեցած միջադեպի հետ, երբ իրեն թույլ չեն տվել հանդիպում անցկացնել Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ: Նրա խոսքով՝ նման միջադեպ իր հետ առաջին անգամ է պատահել:

«Տարբեր բուհերի ուսանողության հետ արդեն մի քանի տարի է, ինչ պարբերական հանդիպումներ եմ ունենում։ Դրանք յուրատեսակ դասախոսություն-բեմականացումներ են։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել ուսանողի միտքը շեղել, քաղաքականացնել իմ այս հանդիպումները։ Ճիշտ է, երբեմն բուհերի ղեկավարությունը չի թաքցրել, մեղմ ասած, ինձ իր բուհում այնքան էլ չցանկանալու միտվածությունը, և նման դեպքերում ուսանողները հանդիպումը կազմակերպել են բուհից դուրս, սակայն որ ուղղակի մերժեն իմ հանդիպումն ուսանողների հետ՝ առաջին անգամ էր։ Եվ այն էլ՝ Ֆրանսիական համալսարանում, որտեղ ես՝ Ֆրանսիայից եկածս, այդքան բան ունեի ուսանողներին փոխանցելու, պատմելու», - ասել է դերասանը։

Նա չի ցանկացել իրավիճակն անձնավորել և կոնկրետ անուններ տալ։

«Անկախ կոնկրետ դեմքերից, այժմ բոլոր բուհերն էլ խիստ քաղաքականացված են։ Ի վերջո, բուհն ազատ մտքի արտահայտման ամենաառաջնային վայրերից է, հասկանալի է, որ իշխողներին առաջին հերթին նման տեղերն է պետք վերահսկել, իրենցով անել։ Այն, որ դրանք քաղաքականացվում են, պարզ երևում է նաև ուսանողությունից։ Մեր՝ խորհրդային ժամանակներում էլ կոմսոմոլականներ կային, ում համար կուսակցականացվելն իրենց հետագա կարիերայի գրավականն էր։ Սակայն անհամեմատելի է ներկայիս անջրպետը մեր ժամանակների հետ։ Այժմ արդեն հարուստ ուսանողը չունևորի հետ չի շփվում, էլ չեմ խոսում կուսակցական ուսանողության մասին, ովքեր յուրատեսակ կաստա են դարձել բուհում։ Մի խոսքով, այսօր իշխող կուսակցությունն իր վաղվա մասին է մտածում, ապագա կոմսոմոլականներ պատրաստում։ Երիտասարդներ, որ արհամարհում են ու չեն սիրում իրար. վաղը նրանք ժողովրդին ինչպե՞ս պիտի սիրեն», - եզրափակել է Վարդան Պետրոսյանը: