Հայ ժողովուրդը թշնամի չէ, վստահ է ադրբեջանցի ռեժիսորը
Երբ մենք հայերի հետ նույն պետությունում էինք ապրում, եթե լինում էին ինչ-որ տարածքային հավակնություններ, ապա դրանք ցանկությունների բնույթ ունեին, և ոչ թե ռազմական գործողությունների: Հայաստանում համարում էին, որ Ղարաբաղն իրենց հողն է, մենք համարում ենք, որ մերն է: Դա բանակցությունների, քննարկումների, գիտական հետազոտությունների առարկա է: Այս մասին «Ռոսբալտ» գործակալության հետ զրույցում ասել է ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, ով վերջին շրջանում սուր քննադատության է ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների և նրանց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների կողմից՝ երկրի ղեկավարությանը քննադատելու համար:
«Ռազմական ճանապարհով հակամարտության լուծումը, իմ տեսանկյունից, հանցագործություն է երկու երկրների բնակչության և ընդհանրապես մարդկության դեմ: 1914 թվականին Սարաևոյում հնչած կրակոցը Առաջին համաշխարհային պատերազմի բերեց, իսկ ղարաբաղյան իրադարձությունները մեծապես նպաստեցին ԽՍՀՄ-ի փլուզմանը: Նման իրադարձությունները նման են քաղցկեղի, որը դրսևորվում է այն ժամանակ, երբ օրգանիզմը ընդհանուր առմամբ հիվանդ է: ԽՍՀՄ-ը երաշխավորում էր, որ հանրապետություններն ապրեն այն սահմաններում, որոնց մասին պայմանավորվել էին: ԽՍՀՄ-ի փլուզումը տխուր հետևանքների հանգեցրեց», - ասել է Իբրահիմբեկովը:
Նրա խոսքով՝ 21-րդ դարում բռնության ճանապարհով խնդիրների լուծումն անընդունելի է:
Իբրահիմբեկովը կարծում է, որ այն ժամանակ, երբ ողջ աշխարհն այս կամ այն առումով ներգրավված է ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, կարիք չկա երկու ժողովուրդներին իրար դեմ տրամադրել:
«Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը մեր թշնամին չէ, որովհետև նրանք, ինչպես ադրբեջանցիները, տեղի ունեցած ողբերգության զոհեր են: Երկու երկրներն էլ արտաքսում էին մարդկանց: Քանի որ միջպետական հակամարտության հետ գործ ունենք, շատերը ներքաշված են դրա մեջ: Բայց դա ոչ միայն հող է, այլ նաև բնակչություն, մեծամասամբ՝ հայկական: Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղում բոլոր ապրած և ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են: Ուրեմն նրանք նույն իրավունքներն ունեն, ինչ մնացյալ Ադրբեջանի քաղաքացիները», - հայտարարել է Իբրահիմբեկովը: