Հայաստանը մարդկության բնօրրա՞ն. Լենինի արձանի տեղում առաջարկում են ազգերի «տոհմածառ» տեղադրել
Երևանի կենտրոնում գտնվող Հանրապետության հրապարակում կարող է տեղադրվել ազգերի «տոհմածառ», որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից:
Առաջարկի հեղինակը ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնն է: Կենտրոնի տարածած հաղորդագրությունը նշել է, որ դեռևս 2004 թվականին հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Վլադիմիր Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար, սակայն մրցույթի արդյունքում որևէ նախագիծ չի հաղթել:
«Ազգերի «տոհմածառ» ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634 թվականին Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս բացառիկ «տոհմածառում» Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն «Armenia» և «Ararat»: Մոտ 12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին և ներդաշնակորեն լրացնում է այն: Բացի ծառի խորհրդանշական մեծ նշանակությունը, այն նաև ունի տուրիստական, գիտական, կրթական և մշակութային մեծ արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա հանդիսանալու է յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ», որում կուտակված գումարը ամեն տարի հատկացվելու է, որևէ այլ ազգի` օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի և նրա նշանակության մասին: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ և այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: