2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ռուսաստանի նախկին դեսպանին մտահոգում է Հայաստանում ռուսաց լեզվի դեմ պայքարը

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, պատմության գիտությունների թեկնածու Վյաչեսլավ Կովալենկոյին մտահոգում է, որ ռուսաց լեզուն դարձել է Հայաստանում հասարակության կարծիքի վրա ազդելու համար տարվող գաղափարախոսական  պայքարի գերին: Իր մտահոգություններով Կովալենկոն կիսվել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:

Դիվանագետը նշել է, որ Հայաստանի մտավորականների մի մասը վրդովված է պետությունում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունից, իսկ ուշադրության կենտրոնում հայտնվել է ռուսերենը:

«Ռուսաց լեզվի և գրականության, արվեստի, գիտության մեջ դրա հետ կապված ամեն ինչի վրա ամեն կողմերից մեղադրանքներ են թափվում. նախազգուշացնում են ազգային ինքնության կորստի ենթադրյալ վերահաս սպառնալիքի մասին, նշվում է հայկական մտածողության հնարավոր էրոզիայի և հայրենասիրության կորստի մասին»,- ասել է Կովալենկոն:

Նրա կարծիքով՝ ձևավորված իրավիճակը Հայաստանում այդ հարցի քաղաքականացման, հասարակության կարծիքի վրա ազդելու համար ծագած գաղափարախոսական  պայքարի արդյունքն է, իսկ ռուսաց լեզուն այս պայքարում դարձել է իրավիճակի գերին:

«Հայկական քաղաքական էլիտայի զգալի մասը ուղղված է դեպի Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումը և հույսեր ունի հետագայում ինտեգրվել Եվրամիությանը: Ռուսաստանի հետ հարաբերություններն այս քաղաքական գործիչներին անհրաժեշտ են, հիմնականում, միայն երկրի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ ինչ վերաբերում է, մասնավորապես, ռուսաց լեզվին, ըստ իրենց պատկերացման, այն կապված է «Ռուսաստանի կայսերական քաղաքականության» հետ ու իրենից ներկայացնում է խոչընդոտ դեպի Եվրոպա ճանապարհին»,- հայտարարել է նախկին դեսպանը ու հավելել, որ Հայաստանի ազգային հետքրքրության ապահովմանը, ինքնության պահպանմանն ու հայերենի զարգացմանը ոչ մի կերպ չի կարելի հասնել ռուսաց լեզվի հետ պայքարի միջոցով:

Նախկին դեսպանի խոսքով՝ Հայաստանին և Ռուսաստանին կապող ռազմավարական դաշինքը, որն արդեն երկար ժամանակ պահպանում է խաղաղությունը տարածաշրջանում, ավելին է, քան միայն ռազմատեխնիկական հարաբերությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նախկին դեսպանն այդ առումով նշել է, որ Երևանում Մ.Լերմոնտովի անվան ՄՊՀ-ի մասնաճյուղի բացումը կբերեր խոշոր կրթական ու գիտական կենտրոնի առաջացման, ուր կձգտեր հաճախել ոչ միայն Հայաստանի երիտասարդությունը, այլև Հայաստանի սահմաններից դուրս ապրողներից շատերը, այդ թվում՝ Ռուսաստանում: