Դատարանը որոշել է, որ Լևոն Իգիթյանը «Սիրահարների այգու» ճարտարապետին չի վիրավորել
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ մեկ այլ ճարտարապետ Լևոն Իգիթյանի: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:
Հայցվորը պատասխանողից պահանջում էր հրապարակայնորեն հերքել և ներողություն խնդրել 2012 թվականի հոկտեմբերի 12-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և հոկտեմբերի 31-ին «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում իրեն վերաբերող հայտարարությունները՝ դրանք որակելով զրպարտություն:
Հեռուստահաղորդման ընթացքում և թերթին տված հարցազրույցում Լևոն Իգիթյանը Սարհատ Պետրոսյանի հասցեին, մասնավորապես, ասել էր. «Անշնորհք…», «ճարտարապետական դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում», «ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով , ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում»: Իգիթյանը նաև պնդել է, որ Սարհատը բուհում վատ ուսանող է եղել:
Դատարանը, սակայն, որոշել է, որ Լևոն Իգիթյանի խոսքերում բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը։
Նշենք, որ հետագայում Լևոն Իգիթյանը պնդել էր, որ չի հրաժարվի իր խոսքերից և ներողություն չի խնդրի: Նա նաև ասել էր, որ Սարհատ Պետրոսյանը, ով Երևանի կենտրոնում գտնվող Սիրահարների այգու ճարտարապետն է, օգտնվում է այն հանգամանքից, որ ինքը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է. «Երևի դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ հանրային խորհուրդը քաղաքի վերաբերյալ պետական ծրագրեր է քննարկում՝ Սարհատի պադաչայով»:
Լուսանկարը՝ Ecolur.org