2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Հայուհու մայրը տեղյակ էր դստեր առևանգման մասին. ոստիկանությունում զարմացած են

Կիևում ամուսնացնելու նպատակով փախցրել են 16-ամյա հայուհու: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 16-ի առավոտյան ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան մոտ:

Ինչպես պարզել է «Սեգոդնյա» պարբերականը, Անյան, ով հայկական ընտանիքից է,  հոր հետ եկել էր անձնագիր ձևակերպելու: Նա նստած էր շենքի մոտ տեղադրված նստարանին, մինչ  հայրը գնացել էր դեսպանատան մուտքի մոտ: Ականատեսների խոսքերով՝ նստարանին է մոտեցել կարմիր «Միթսուբիշի Լանսեր» մեքենա, որից դուրս են եկել տղաներ, բռնել աղջկան, ուժով նստեցրել ավտոմեքենան և տարել: Աղջիկը գոռում էր և փորձում դիմադրություն ցույց տալ: Հայրը չի հասցրել օգնել նրան:

Ոստիկանները պարզել են, որ Անյային առևանգել են նրա փեսացուի ընկերները՝ նրանց ամուսնացնելու նպատակով: «Հայրը, ինչպես և աղջիկը, ոչինչ չգիտեր: Մինչ այդ նա խնամիներին մերժել էր: Իսկ ահա մայրը տեղյակ էր: Հենց նա է ամուսնուց գաղտնի ծրագրել առևանգումը»,- պատմել են ոստիկանները:

Ոստիկանների խոսքով՝ առևանգումից հետո փեսացուի ընկերները զանգահարել են հորն ու ասել, որ աղջկա հետ ամեն ինչ կարգին է, և երեք օրից հարսանիք է լինելու:

Զարմացած ոստիկանները հայտարարել են, որ ստիպված են եղել արձագանքել իրավիճակին, բայց, փաստորեն, հանցագործություն չի կատարվել: Նրանք ունեն առևանգողների համարներն ու հասցեն, ուր պահում են աղջկան: ՆԳՆ մամուլի ծառայությունում հաստատել են, որ առևանգողներին ամենայն հավանականությամբ չեն պատժի. «Եթե դիմում չգրեն, պատիժ էլ չի լինի»: