«Վճարում ենք 100 դրամ ու իջնում երթուղայինից՝ մնացած 50-ը կվճարի Տարոնը», «Ոչ մի կոնֆլիկտ վարորդի հետ», «Վարորդ, միացիր մեր ակցիային». այսպիսի կոչերով այսօր առավոտից քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստները խմբերով շրջել են մայրաքաղաքի փողոցներում՝ կոչ անելով հասարակությանը վճարել 100 դրամ 150 դրամի փոխարեն:
Ակցիայի ընթացքում ակտիվիստները թռուցիկներ են բաժանել անցորդներին և ուղևորներին, կանգառներում փակցրել են «Շարունակում ենք վճարել 100 դրամ» գրությամբ թռուցիկները, պոկել ուղևորափոխադրող տրանպորտի պատուհաններին ամրացված «Ուղեվարձը՝ 150 դրամ» գրությամբ պաստառները, փոխարենը ամրացնելով՝ «Վճարում ենք 100 դրամ» իրազեկող թերթիկները:
Կանգառներում տրանսպորտի սպասող քաղաքացիների մեծ մասը ողջունել է ակտիվիստների քայլը և խոստացել, որ անպայման կհետևեն նրանց խորհրդին, այն է՝ «վճարել 100 և ոչ մի դրամ ավել»: Նրանցից ոմանք էլ հայտնել են, թե առավոտից հասցրել են մի քանի երթուղայինից օգտվել՝ բոլորին վճարելով 150 դրամ ուղեվարձը:
Երթուղայինների և ավտոբուսների վարորդները տարբեր կերպ են արձագանքել ակտիվիստների կոչերին: Վարորդներից ոմանք նշել են, որ այսօր շատերը երթևեկել են 100 դրամով և իրենք ոչինչ չեն ասել, մինչդեռ եղել են վարորդներ, ովքեր վեճի են բռնվել ակտիվիստների հետ, պոկել են բողոքողների իրազեկող թերթիկները: Մի քանի դեպքում վարորդները պահանջել են 100 դրամով երթևեկող ուղևորներին իջնել ավտուբուսից:
Լուսանկարները և տեսանբյութը՝ Լուսինե Խաչատրյանի