Քիչ առաջ «Երիտասարդական» մետրոյի մոտակայքից բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Հրանտ Հարությունյանին, Վահագն Մինասյանին ու Տարոն Հարությունյանին: Այս մասին Epress.am-ի տեղեկացրել է ակտիվիստ Կարեն Հարությունյանը, ով նշել է, որ ակցիայի ամբողջ ընթացքում իրենց հետևել են ոստիկանական մեքենաները: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան ուղղված էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ:
Հարությունյանն ասել է, որ ավելի ուշ նրանց է մոտեցել «Լեքսուս» մակնիշի սպիտակ ջիփ մեքենա՝ «99 МM 799» համարանիշով, որից իջել է մի մարդ և սկսել է սպառնալ ակցիայի մասնակիցներին:
«Դուրս է գալիս մի հաստավիզ ու հոխորտում ակտիվիստների վրա, թե՝ «դավայ եղեք ստեղից, ո՞վ եք դուք և այլն», հետո խնդրեցինք ներկայանալ, բնականաբար, չասաց, թե ով է, շատ լկտի էր իրեն պահում, այնուհետ ոստիկանները եկան, նրանց ասացի, որ տվյալ անձին կարգի հրավիրեն, բայց ոչինչ չարեցին», – պատմել է մեր զրուցակիցը:
Ավելի ուշ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ են տարածվել, որ այդ մարդը «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանն է:
Հարությունյանն ասել է նաև, որ, տեսնելով, որ ոստիկանները ոչ մի միջոց չեն ձեռնարկում, իրենք քայլել են «Երիտասարդական» մետրոյի ուղղությամբ, ինչից հետո ակտիվիստներին հետևող ոստիկաններին ավելացել է Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նշենք, որ ավելի վաղ Օպերայի մոտ Նավասարդյանը վիճաբանել է ակտիվիստների հետ, որից հետո, վերջիններիս պնդմամբ, ոստիկանների ուղեկցությամբ հետևել է նրանց և կրկին հանդիպել Երիտասարդական մետրոյի մոտ:
«Մի տաս հոգով եկան ու սկսեցին քաշքշել մեզ, Նավասարդյանը քաշքշում էր Գևորգին, հետո երբ գնաց, հաստավզերով սկսեցին հարվածել Գևորգին, ոստիկաններն էլի ոչինչ չարեցին, հետո տղաներին հավաքեցին տարան», – պատմել է Հարությունյանը:
Տեսանյութերը տարածել են ակտիվիստները