Քաղաքացիական ակտիվիստ, ռեփեր Արսեն Նիկողոսյանին (լուսանկարում), ով մի քանի օր է՝ մասնակցում է ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներին, կանչել են ոստիկանություն: Երիտասարդը հրաժարվել է, բայց իրավապահները դուրս են եկել նրա գործընկեր Saqo-ի վրա, ով ընդունել է «զրույցի հրավերը»:
Epress.am-ի հետ զրույցում Արսենը պատմել է, որ ոստիկանները հայտարարել են, թե ռեփերները «երկրի նախագահի հասցեին հնչող վիրավորանքների համար» կարող են տուգանվել 6 միլիոն դրամով:
Մասնավորապես, երգիչներին մատնացույց են արել «Քաոս» երգը, որը վերջին օրերին է տեղադրվել համացանցում և որում արծարծվում է Սերժ Սարգսյանի անունը:
Այսօր բողոքի ակցիայի ժամանակ Արսենին կրկին հրավիրել են ոստիկանություն, սակայն նա հրաժարվել է, իսկ ոստիկանի հետ զրույցում ասել է. «Երբ Մարտի 1-ին անմեղ զոհեր կոտորեցին, ու՞ր էիր էդ ժամանակ»: Ոստիկանը գրանցել է Արսեն Նիկողոսյանի անունը և պահանջել են չվիրավորել «ոչ մեկի անձին»:
Լուսանկարը՝ Արսեն Նիկողոսյանի Facebook-ի էջից