2026 թ. մայիս 27, չորեքշաբթի

Կուսության թեստը զայրացրել է վրացի կանանց

Երեքշաբթի՝ հուլիսի 30-ին, Վրաստանում ակտիվիստների մի խումբ «Փակում ենք կուսության ինստիտուտը» խորագրով ակցիա կանցկացնի: Բողոքողները պատրաստվում են հավաքվել Թբիլիսիում՝ Փորձագիտության ազգային բյուրոյի շենքի մոտ, որը, ամեն ինչից զատ, բոլոր ցանկացողներին առաջարկում է ստուգել կուսությունն ու ստանալ այն հաստատող համապատասխան փաստաթուղթ, հայտնում է Georgia Online կայքը:

Բողոքի պատճառների մասին խոսելիս ակցիան նախաձեռնող կանայք նշում են, որ «կուսության ինստիտուտը հասարակության շրջանում արմատացած այնպիսի երևույթների արդյունք է, ինչպիսիք են կնոջ սեքսուալության կառավարումը, սեքսիզմը, կնոջ նկատմամբ շահագործական վերաբերմունքն ու երկակի բարոյական չափանիշները»: Նրանց զայրացնում է նաև կուսության փորձագիտական վերլուծության «տգեղ ու ստորացուցիչ» պրակտիկան:

Տարեկան շուրջ 200 վրացի աղջիկ «իր բարոյականությունը հաստատելու» նպատակով դիմում է Թբիլիսիի ազգային դատափորձագիտական բյուրո: Հետազոտությունը տևում է 4-5 օր ու արժե 100 դոլար: