2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կոնդի արժեքի և այն փրկելու մասին. քաղաքաշինական ցուցահանդես ՆՓԱԿ-ում

Օգոստոսի 20-ին ՆՓԱԿ-ում բացվել է Ուրբանլաբի Կոնդի քաղաքաշինական ծրագրի մասին «Մանրուքը ամբողջությունից, ամբողջությունը մանրուքի մեջ» ցուցադրությունը:

Ըստ հեղինակների՝ իրենք փորձել են նման կերպ հասարակության ուշադրությունը հրավիրել Կոնդին, որը Երևանի կարևորագույն թաղամասերից մեկն է և քչերից է, որ պահպանվել է: Ցուցահանդեսը ներկայացնում է Կոնդի փողոցների և շենքերի նկարներով անիմացիաներ: Թեև այն վերհանում է քաղաքաշինական խնդիրներ, դրանք ներկայացված են գեղարվեստականորեն և ոչ մասնագիտական լեզվով և կարող են տարբեր կերպ մեկնաբանվել:

Նախագծի շրջանակներում քաղաքաշինական մեծ ուսումանսիրություն է արվել, հետազոտվել են հին քարտեզները, Կոնդում տարբեր տարիներին կատարված շինարարությունները  և լուծումները՝ հասկանալու համար Կոնդի զարգացման դինամիկան:  Ուսումնասիրութունն իրականում դեռ չի ավարտվել, այն ի վերջո եզրափակվելու է առաջարկներով, թե ինչպես պետք է քաղաքային իշխանությունները պահպանեն Կոնդը:

«Կոնդը պատմականորեն ձևավորված թաղամասն է, որը եղել է ինքնաբուխ, և  խոսքը միայն շենքերի մասին չէ, այլ մարդկանց կողմից ձևավորված միջավայրի, որում ներդրում են ունեցել տարբեր բնակիչներ և որը չի ձևավորվել մեկ ձեռքով: Կոնդը ունի քաղաքային հյուսվածք, որտեղ շենքերը կարևոր էլ չեն: Կոնդը կարևոր է, թե պատմականորեն, թե քաղաքաշինական առումով և մարդկանց իրավունքների իրացման առումով»,- Epress.am-ին ասել է նախագծի հեղինակներից Սևադա Պետրոսյանը:

Ըստ հեղինակների՝ Կոնդին ևս սպառնում է այն վտանգը, որը իրականություն է դարձել այլ թաղամասերում, որտեղ քաղաքային իշխանության ձեռքով ոչ թե լուծվել են խնդիրները, այլ դրանք վերացնելու համար ամբողջ թաղամասյի քաղաքաշինությունը վնասվել է:

Ըստ Պետրոսյանի՝  Կոնդի բնակիչները իրենք ավելի լավ լուծումներ են տալիս՝ իմպրովիզներ անելով, քան դա կաներ իշխանությունը, և պետք է  մարդկանց օգնել տեխնիկական հարցերը լուծելով, ոչ թե վերացնել Կոնդը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև օգոստոսի 25-ը: