«Փակ շուկան» Սամվել Ալեքսանյանից ազատագրելու են անհնազանդությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Փակ շուկայի» պաշտպանության համար նոր քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել այն բանից հետո, երբ սեփականատերը հայտարարել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետը շուկայի ներսում բացվելու է սեպտեմբերի 15-ին, իսկ շինարարական աշխատանքները շենքի ներսում ակտիվացել են:
Այսօր նախաձեռնող խմբի անդամները ասուլիս են հրավիրել հենց հուշարձանի մոտ՝ ցույց տալու, թե ինչպես է վերջինիս տեսքը փոխվել: Այժմ նախաձեռնող խումբը սկսելու է քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներով ակցիաներ և պիկետներ անցկացնել. դրանցից որոշներն առայժմ գաղտնի են պահվում:
«Մենք ազատագրելու ենք այս հուշարձանը օլիգարխից (ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանից, ում ընտանիքին է պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը – խմբ.): Բողոքներն արդեն սկսվում են: Հայաստանը Եվրախորհրդի նախագահող երկիր է և Հայաստանում համաեվրոպական ժառանգության օրեր են անցկացվում: Եվ Հայաստանն է բացելու այդ միջոցառումը, որը իրենից ներկայացնում է այցելություններ հուշարձաններ: Այդ հյուրերին հրավիրելու ենք «Փակ շուկայի» հուշարձանը դիտելու»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է նախաձեռնության անդամ Գարեգին Չուգազսյանը:
Նա անդրադարձել է այս հարցում իշխանության ներկայացուցիչների անտարբերությանն ու անգործությանը՝ հիշեցնելով, օրինակ, Երևանի գլխավոր ճարտարապետի հայտարարությունն այն մասին, թե «Փակ շուկայում համազգային խայտառակություն է կատարվել»:
«Դա նույն է, որ սպանություն կատարվի Հայաստանում, և Գլխավոր դատախազությունը հայտարարի, որ համազգային խայտառակություն է կատարվել»,- ասել է Չուգասզյանը:
Ելույթ է ունեցել նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով ասել է, որ միայն Մշակույթի նախարարությունն է, որ, ըստ օրենքի, քննարկումներ է արել և թույլտվություն չի տվել որևէ փոփոխություն անել:
«Քաղաքապետարանը տուգանել է երկու անգամ, երկու անգամ էլ սեփականատերը չի ենթարկվել և շարունակել է: Հետո քաղաքապետարանը պետք է քանդեր ապօրինի շինարարությունը: Ո՞ւր է, թե քանդել է»,- ասել է Սաշուր Քալաշյանը:
Նախաձեռնության անդամները նշել են, որ իրենց նպատակներն են՝ սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկել «Փակ շուկայի» տեսքը փչացնելու համար, պարտավորեցնել նրան վերականգնել շուկայի նախկին տեսքը, դադարեցնել սեփականատիրոջ իրավունքները և արգելել տվյալ տարածքում իրականացնել տնտեսական գործողություն:




