2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Ջանքերն օգուտ չտվեցին». Երևանի նախկին ճարտարապետը՝ Փակ շուկայի մասին

Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է «Փակ շուկայի» խնդրին:

«Հուշարձանն աղճատված է, բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, թե հարցը պետք է մնա օրակարգում, մինչև փորձեն այլ լուծումներ գտնել:

«Չեմ կարծում, թե հարցը պետք է փակված մնա», - ասել է նա:

Նախկին գլխավոր ճարտարապետը պատմել է, թե նման նախագիծ չի համաձայնեցվել, այսինքն՝ բերվել է, սակայն մերժվել է:

«Կամարների 50 տոկոսը մնացել է, ոչինչ չի փոխվել, մյուս 50-ը, որտեղ հարկեր են ավելացվել, քանդված են:  Ինքը (ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյան, ում ընտանիքին է պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը – խմբ.) ունեցել էր թույլտվություն, միայն հետևի մասում, որտեղ մսի պասաժն էին, հարկեր է կառուցել», - ասել է Սարգսյանը:

Թե ո՞րն է լինելու Փակ շուկայի հետագա ճակատագիրը, Սարգսյանն այս պահին դժվարացել է պատասխանել:

«Խնդիրն էնպիսի խնդիր է, որտեղ ես որևիցե պատասխան կամ արդարացում չեմ կարող ասել», - եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ այսօր «Փակ շուկայի» պաշտպանության համար ստեղծված քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարել են, որ անհնազանդության տարբեր միջոցներով ազատագրելու են հուշարձանը Սամվել Ալեքսանյանից: