Home / Հայաստան / Բանավեճ Ադրբեջանում. միլիարդների արտահանումն ընդդեմ գլխավոր ընդդիմադիրի կենսաթոշակի

Բանավեճ Ադրբեջանում. միլիարդների արտահանումն ընդդեմ գլխավոր ընդդիմադիրի կենսաթոշակի

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի հանրային հեռուստատեսության եթերում նախագահի թեկնածուների առաջին բանավեճն անցել է փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում:

Ինչպես նշում է Contact.az-ը, թեկնածուներից շատերը քննադատություններ են հնչեցրել ոչ թե կառավարության, այլ ընդդիմության հասցեին: Իշխանության թեկնածու, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը հեռուստաբանավեճին չի ներկայացել, ու նրան ներկայացրել է իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

Իշխանության հասցեին առավել խիստ քննադատությամբ ու բացահայտումներով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին (լուսանկարում):

Նա նշել է, որ հիմնական խնդիրը ընտրություններից ընտրություններ խոստումներ բաժանելը չէ, այլ այդ խոստումների իրականացման մասին հաշվետվություն տրամադրելը: «Իլհամ Ալիևը պետք է մասնակցի բանավեճերին: Նա չի ուզում լինել մյուս թեկնածուների հետ, չի հարգում նրանց, ժողովրդին հաշվետվություն չի տալիս: Իլհամ Ալիևը պետք է պատասխանի, թե ինչ փողերով է իր՝ այն ժամանակ դեռ 11-ամյա որդու համար 75 միլիոն դոլար արժողությամբ 5 առանձնատուն ձեռք բերել Դուբայում: Միայն այս փաստի պատճառով նորմալ երկրում կառավարությունը հրաժարական կտար: Փաստաթղթեր են հայտնաբերվել Վիրջինյան կղզիներում նրա ընկերությունների, երկրից 48 միլիարդ դոլարի արտահանման մասին: Այս միջոցները գերազանցում են պետբյուջեն: Նա պետք է խոսի Պանամայում իր ընտանիքին պատկանող ընկերությունների մասին: Գյուղատնտեսության նախարարի որդին Լոնդոնում 26 միլիոն դոլարի անշարժ գույք ունի: Ու սա միայն մի նախարարի մասին է: Պետք է բացահայտվեն նաև տեղեկություններ արտասահմանում մյուս նախարարների գույքերի մասին»,- ասել է Հասանլին:

«Ադրբեջանը նավթային երկիր է, որը հասել է նավթային եկամուտների գագաթնակետին: Բայց նայեք աշխատավարձերին: Նրանք, ովքեր երկրից միլիարդներ են արտահանում, ոչ նորմալ աշխատավարձ են տալիս, ոչ՝ կենսաթոշակ: Թոշակներն այնքան փոքր են, որ կառավարության նիստերի ժամանակ իշխանություններն ամաչում են դրանց մասին խոսել մանաթով ու ներկայացնում են դրանց դոլարային համարժեքը (մի մանաթը հավասար է 1,3 դոլարի – խմբ.): Երկրում կոռուպցիան գլխավորում է հենց Իլհամ Ալիևը»,- հավելել է նա:

Ալիևի ներկայացուցիչ Ալի Ահմեդովը Հասանլիի ելույթը հերյուրանք է անվանել, «թերթի նյութեր, որոնք չունեն ապացույցներ»:

Նա նաև հայտարարել է, որ Հասանլին երկու տարի առաջ ժամանակից շուտ թոշակի է անցել, որպեսզի բարձր պատգամավորական թոշակ ստանա: Ահմեդովի խոսքով՝ ժամանակից շուտ թոշակի անցնելու իրավունք ունեն կամ բազմազավակ մայրերը, կամ հաշմանդամները:

«Բայց Դուք հիվանդի նման չեք: Դուք կամ խաբեբա եք, կամ պետք է ապացուցեք, որ հաշմանդամ եք»,- նշել է Ահմեդովը:

«Ոչ, ես հիվանդ չեմ: Հիվանդ են նրանք, ովքեր երկիրը այսպիսի ծանր վիճակի են հասցրել: Մայրենի լեզվի քննությանը աշակերտների 42 տոկոսը «երկու» է ստացել: Հիվանդ են նրանք, ովքեր պետության փողերն արտահանում են, իսկ հավատացյալներին ձերբակալում՝ նրանց դեմ կեղծ մեղադրանքներ առաջադրելով»,- պատասխանել է Հասանլին:

Գործող նախագահի մյուս հակառակորդներն էլ զերծ չեն մնացել Հասանլիի հասցեին քննադատություներ հնչեցնելուց՝ Ազգային խորհրդին մեղադրելով «հայերի հետ համագործակցելու մեջ»:

Ինքնաառաջադրված թեկնածու, պատգամավոր Զահիդ Օրուջը ավելի շատ խոսել է ընդդիմության դեմ պայքարի ուղիների մասին, քննադատել է նաև անձամբ Հասանլիին: Ըստ Օրուջի՝ արտասահմանյան լրատվամիջոցներում Իլհամ Ալիևի հասցեին մեղադրանքներ սկսեցին հնչել այն բանից հետո, երբ նա հանդես եկավ Թուրքիայի ու Հայաստանի հետ սահմանները բացելու դեմ:

«Ումիդ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Իգբալ Աղազադեն հայտարարել է, որ ընտրողները ներկայիս իշխանություններին այլևս չեն հավատում: «Այնտեղ, որտեղ չկան փոփոխություններ, խախտվում են մարդու իրավունքները: Իսկ ահա այնտեղ, որտեղ կան փոփոխություններ, կա նաև զարգացում»,- ասել է Աղազադեն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում նախագահներին փոխում են ոչ թե նրա համար, որ նրանք վատ են ղեկավարում երկիրը, այլ այն պատճառով, որ առանց փոփոխությունների երկրներում իրավիճակը վատթարանում է:

«Ժամանակակից Մուսավաթ» կուսակցություն առաջնորդ Հաֆիզ Հաջիևը Ազգային խորհրդին մեղադրել է հայերի հետ համագործակցելու մեջ ու քննադատել Ջամիլ Հասանլիին: Հաջիևը միևնույն ժամանակ հայտարարել է, որ որպես Էլչիբեյի հետևորդ՝ նա ավելի շատ իրավունքներ ուներ ընդդիմության միասնական թեկնածու լինելու համար:

«Ազգային վերածնունդի շարժում» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Ֆարաջ Գուլիևը խոստացել է արտասահմանյան բանկերում պահվող նավթային փողերը երկիր վերադարձնել: Նա նաև առաջարկում է բանակից վերադարձող երիտասարդներին ապահովել հողատարածքներով ու բնակարաններով: Գուլիևը նույնպես Ազգային խորհրդի անդամներին մեղադրել է հայերի հետ համագործակցելու մեջ:

Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ, ըստ ՄԱԿ-ի հաշվետվության, Ադրբեջանը երկիրը լքող քաղաքացիների թվով 17-րդ տեղն է զբաղեցնում: Ադրբեջանցիներն անգամ Ավստրալիա են հասել: Ադրբեջանցիներն ապրում են Ռուսաստանի այն հեռավոր ծայրամասերում, որտեղ անգամ ռուսներ չկան: «Իմ հիմնական նպատակը սոցիալական ու իրավական պետություն ստեղծելն է»,- ասել է Ջալալօղլուն:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեն, թվում է, պաշտպանում էր Իլհամ Ալիևի՝ նախագահի պաշտոնին երրորդ ժամկետով վերընտրվելու իրավունքը: Նա հիշեցրել է, որ Հելմուտ Քոլը 16 տարի եղել է Գերմանիայի կանցլերը, Թեթչերը նույնպես երկար տարիներ է կառավարել, ու դա ավտորիտարիզմի չի բերել: Նա նույնպես հանդես է եկել Ազգային խորհդի ու Ջամիլ Հասանլիի հայտարարությունների դեմ:

«Ադրբեջանի միացյալ ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Հուդրաթ Հասանգուլիևը խոսել է խորհրդարանային երկրի անցնելու օգտին: Նա նաև առաջարկում է Ադրբեջանը վերանվանել Ադրբեջանական Հյուսիսային Հանրապետության, քանի որ ադրբեջանցիների երեք քառորդն ապրում է Հարավային Ադրբեջանում՝ Իրանում: 

Tekali Taxi