Այսօր ժամը 16.00-ին Ազատության հրապարակից մեկնարկել է Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված երթ, որին մասնակցում էին քաղաքացիական ակտիվիստներ, ՀԱԿ, «Ժառանգություն», «Հայազն» կուսակցությունների անդամներ, ինչպես նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Երթի մեկնարկին մասնակիցներից Կարեն Թովմասյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պահանջով ներկայացրել է ակցիայի երթուղին, որպեսզի ոստիկաններն ապահովեն երթի անվտանգությունը: Երթի մասնակիցները, «Ազատ, անկախ Հայաստան», «Սերժիկ, հեռացիր», «Հայաստանը մենք ենք» վանկարկելով, անցել են Հյուսիսային պողոտայով, հասել Հանրապետության հրապարակ, որտեղ կանգ են առել և «Ամոթ, ամոթ» վանկարկումներ ուղղել հրապարակում նախատեսվող միջոցառմանը:
Երթը շարունակվել է Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, որտեղ ոստիտականները, պատնեշ կազմելով, թույլ չեն տվել ակտիվիստներին անցնել փողոցի մայթը: Օսիպյանն ասել է, որ Բաղրամյան պողոտայով երթևեկությունը դադարեցնել չի կարելի, ուստի երթը պետք է շարունակվի մայթով: Սակայն քաղաքացիները ճեղքել են ոստիկանների պատնեշը և բարձրացել դեպի Բաղրամյան 26 փողոցի երթևեկելի հատվածով: Ոստիկանները պատնեշ են կազմել Բաղրամյան-Դեմիճյան փողոցների խաչմերուկին և թույլ չեն տվել նախագահական նստավայրի մոտ բարձրանալ:
Ակցիայի նախաձեռնողներից Կարեն Թովմասյանը հայտարարել է, որ քանի որ ակցիայի նպատակը ոչ թե բախումներ ստեղծել է, այլ «չընտիրին իր չընտիր լինելու մասին հիշեցնելը», երթը կշարունակվի նախագահականի դիմացի մայթով մինչև մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան: Այնուհետև երթի մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ: