Home / Տեսանյութեր / Վճռաբեկը չի ընդունել Արտակ Նազարյանի գործով բողոքը. իրավահաջորդը դիմում է Եվրադատարան

Վճռաբեկը չի ընդունել Արտակ Նազարյանի գործով բողոքը. իրավահաջորդը դիմում է Եվրադատարան

ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է վարյութ ընդունել լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի, ինչպես նաև գործով մեղավոր ճանաչված Հակոբ Մանուկյանի պաշտպանների բողոքները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ծովինար Նազարյանը:

Դատարանի մերժման մեջ հիմքը ձևակերպված է հետևյալ կերպ. դատարանը վերադարձնում է վճռաբեկ բողոքները, քանի որ ներկայացված փաստերի ուսումնասիրությունից չի հանգել եզրակացության, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այժմ տուժողի իրավահաջորդը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը Գրիշա Մելիք-Սարգսյան, Կարինե Ղազարյան, Հենրիկ Տեր-Ադամյան դատավարական կազմի նախագահությամբ, ուժի մեջ է թողել 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր Հակոբ Մանուկյանին՝ 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման:

Տուժող կողմը պնդում է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են, իսկ գործի քննությունն անցել է խախտումներով: Ավելի վաղ փորձագետները գործում առկա խախտումների մասին բազմաթիվ փաստեր են ներկայացրել: 

Tekali Taxi