Home / Հայաստան / Թուրքիայում կրկին խոսում են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու կարևորությունից

Թուրքիայում կրկին խոսում են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու կարևորությունից

Մի շարք թուրք դիվանատագետներ կարծում են, որ Թուրքիան կարող է դուրս մնալ Միջին Արևելքում ծավալվող քաղաքական գործընթացներից՝ հարևան երկրների հետ վատ հարաբերությունների պատճառով: Նրանք զգուշացնում են, որ Թուրքիան պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը՝ դիվանագիտական օտարումից խուսափելու համար: 

«Թուրքիայի ներկա արտաքին քաղաքականությունը պետք է վերանայվի որքան հնարավոր է շուտ: Թուրքիան տարածաշրջանում ամուր ռազմավարական դիրքեր ունի՝ կապված լինելով թե արևմտյան, թե մահմեդական աշխարհների հետ: Թուրքիան պետք է պահպանի իր յուրահատուկ դիրքը ու այն վտանգի չենթարկի կարճատև շահերի պատճառով»,- Today's Zaman-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նյուզհեթ Քանդեմիրը: 

Թուրքիայի նախկին արտգործնախարար Իլթեր Թյուրքմենը նույնպես կարծում է, որ երկիրը պետք է բարելավի հարաբերությունները հարևան երկրների, մասնավորապես, Իսրայելի և Հայաստանի հետ: 

«Ցավալի է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական  հարաբերությունները կարգավորող արձանագրությունները չհաստատվեցին»,- ասել է Թյուրքմենը: 

Today’s Zaman-ը հիշեցնում է, որ Արձանագրությունները չվավերացվեցին նաև Ադրբեջանի ճնշման պատճառով, որը Թուրքիայից պահանջեց չգնալ նման քայլի մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը:
«Միգուցե, Թուրքիան Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարիքը չունի, բայց նրան լարված հարաբերություններն էլ ձեռնտու չեն: Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի շահերից է բխում»,- ասել է Թյուրքմենը:

Tekali Taxi