2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Փոստանջյանը պահանջում է քննել «Փակ շուկայի» խնդիրը. գործը դատարանում է

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է անցնել հայաստանյան դատական համակարգի բոլոր ատյաններով՝ «Փակ շուկայի» հայցի վերաբերյալ արդար վճռի հասնելու համար: Այս մասին նա ասել է այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասսության դատարանում կայացած նիստից հետո:

Նշենք, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ պահանջելով քննել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի շենքի որպես հուշարձան ոչնչացման հարցը: Փաստանջյանը նաև նշել է, որ քաղաքապատարանը չի միջամտել ու դադարեցրել շենքի քանդումը, ինչը նույնպես անթույլատրելի է: 

«Փակ շուկայի կառուցապատողը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ են տվել. հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264 հոդվածի խախտում` պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև  պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված 315'1 հոդվածի խախտում` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցը չքանդելը և 315'2 հոդվածի խախտում` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը», - ասված էր Փոստանջյանի դիմումի մեջ:

Ոստիկանությունը մերժել է Փոստանջյանի բողոքը ու քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այնուհետև պատգամավորը նույն բողոքով դիմել է դատախազությանը, սակայն դարձյալ արդյունքի չի հասել ու դիմել է դատարան՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցման մերժումը:
 
Գագիկ Պողոսյանի նախագահությամբ դատական նիստում Փոստանջյանի ներկայացուցիչ Հերմինե Միքայելյանը միջնորդել է երկու օր ժամանակ տրամադրել դատախազության կողմից ներկայացված մերժման հիմքերին ծանոթանալու համար: Միքայելյանը նշել է, որ, հնարավոր է, իրենք բողոքը լրացնելու կարիք ունեն: Դատավորը բավարարել է միջնորդությունը: 

Նիստից հետո Փոստանջյանը կրկին անգամ նշել է, որ Սամվել Ալեքսանյանի գործոություններն ակնհայտորեն անօրինական են, և դրանք չեն վերահսկվել Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը ևս օրենքի խախտում է: