16:40 Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար»-ի գործով ցուցմունքի ժամանակ մեղադրյալ Նորայր Հայրապետյանը հայտարարել է, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելը տևել է մոտ 35 վայրկյան՝ «ժամերով կոտորած չի եղել, ոնց որ ասում են»:
Հայրապետյանի խոսքով՝ սկզբում նա ապտակել է Վահե Ավետյանի հետ ռեստորան եկած երիտասարդներից մեկին, ապա իրենց մոտեցել է Վահեն և փորձել միջամտել՝ հարցնելով «ի՞նչ է կատարվում»: Հայրապետյանը հայհոյել է Վահե Ավետյանին, ի պատասխան հայհոյել է նաև Ավետյանը: Հայրապետյանի խոսքով՝ ինքը հարվածել է Ավետյանին, վերջինս ընկել է, հետո բարձրացել է և պատասխան հարված է հասցրել, իսկ դրանից հետո Նորայրը սկսել է իրար հետևից հարվածներ հասցնել Ավետյանին: Վերջինս ընկել և այլևս չի բարձրացել: Հայրապետյանի խոսքով՝ նա միայն ձեռքով է հարվածել, ու չի իմացել, որ ծանր վնասվածք է հասցրել ռազմական բժշկին, այլապես «ես չէի սպասի, որ իրա ընկերները գան, ինքս հիվանդանոց կտանեի»: Հայրապետյանը նշել է, որ նախաքննական իր ցուցմունքում ամեն ինչ ճիշտ է պատմել, միայն թե չի ասել, որ ինքը միակ հարվածողն է եղել:
Մեղադրյալը նաև պատմել է, որ իր հարվածների ժամանակ Վահեն ցավից ձայներ էր հանում: Մեղադրող դատախազի հարցին, թե քանի անգամ է հարվածել, Նորայր Հայրապետյանը պատասխանել է՝ «Չեմ հաշվել»:
Իր ցուցմունքի ընթացքում Հայրապետյանն անընդհատ պնդել է, որ Ավետյանին միմիայն ինքն է հարվածել, իսկ երբ նրան հարցրել են, ինչու է նա մոտ մեկ տարի հետո նման խոստովանություն անում, Հայրապետյանը պատասխանել է, թե խիղճը տանջում է, «չեմ ուզում անմեղ մարդիկ նստեն»: Նա հրաժարվել է պատասխանել Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի հարցերին:
Հիշեցնենք, որ դատավարության ընթացքում Վահե Ավետյանի ընկեր Արտակ Բայադյանը, ով գործով որպես տուժող է անցնում, նշել է, որ «Հարսնաքարում» իրենց ծեծել են 15 հոգով:
16:10 2012 թվականի հուլիսի 17-ին «Հարսանաքար» ռեստորանում ծեծի ենթարկված և 12 օր անց հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով նիստի մեկնարկին խոսքի իրավունք է խնդրել մեղադրյալներից մեկը՝ Նորայր Հայրապետյանը, ով միջնորդել է կրկին հարցաքննել իրեն: Ամբաստանյալը նշել է, որ ցանկանում է խոստովանել, որ անձամբ ինքն է հարվածել Վահե Ավետյանին:
Հայրապետյանը պնդել է, որ Ավետյանը մահացել է իր հարվածներից: Մեղադրյալի այդ խոսքերից հետո նրա պաշտպան Երեմ Սարգսյանը կարճ ընդմիջում է խնդրել՝ հայտարարելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ իր պաշտպանյալը պետք է նման հայտարարությամբ հանդել գար և ինքը ցանկանում է զրուցել Նորայր Հայրապետյանի հետ: Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը:
Ընդմիջումից հետո դատավորն ասել է, որ կրկին սկսում է դատաքննության փուլը՝ անցնելով Հայրապետյանի հարցաքննությանը, որն այս պահին ընթանում է:
Հիշեցնենք, որ Վահե Ավետյանին սպանության մեջ մեղադրվող Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի համար մեղադրող դատախազ Արմեն Դավթյանը 13 տարի ազատազրկում է պահանջել: Համաձայն դատարան ներկայացված փաստաթղթերի, մեղադրյալները աշխատում էին «Հարսնաքար» համալիրում, որը պատկանում է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Վերջինս ցուցմունք է տվել դատարանում՝ պնդելով, որ չի իմացել տեղի ունեցածի մասին և դժգոհություն հայտնելով, որ իրեն մեղադրել են հանցագործությունների մեջ, թեև, ՀՖՖ նախագահի խոսքով, ինքը ոչինչ չի արել և ոչինչ չի իմացել: