Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ժամանակ:
Համաձայն ՀՀ ԱԳ նախարարության մամուլի հաղորդագրության` Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը և ընդլայնված համագործակցություն՝ նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:
«Հայաստանը, ԵՄ աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,- շեշտել է Նալբանդյանը։
Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ:
Հանդիպմանն անդրադարձ է արվել Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Զրույցի տվյալ հատվածի մասին մանրամասներ ԱԳ նախարարությունը չի հաղորդում: