Ինչու է Հասմիկ Պողոսյանը հրաժարվել ընդունել կաթողիկոսին ու նախագահին քննադատած ռեժիսորին. պարզաբանում
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաժարվել է ընդունել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին, քանի որ վերջինս «նախապես անտեղի մեկնաբանություններ էր արել մամուլում»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Նիկոլայ Ծատուրյանին պատրաստվում են պաշտոնանկ անել երկրում առկա իրավիճակի մասին իր կարծիքն արտահայտելու համար: Հոկտեմբերի 14-ին Ծատուրյանը «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում տարակուսել էր, թե որքան կարելի է լռել, ապա գործող իշխանություններին, չցանկանալով ղեկավար անվանել, որակել էր «գեղացի, բութ, ափեղ-ցփեղ» մարդիկ: Խոսելով խաղատանը Սերժ Սարգսյանի տանուլ տված 70 մլն եվրոյի մասին՝ Ծատուրյանն ասել է. «Մեր նախագահը չպիտի խաղա: Երբ հարուստ լինենք, թող 700 մլն տարվի»: Ամենադաժան քննադատությանը ենթարկել է կաթողիկոսին. «Օլիգարխ Գարեգին 2-րդ: Նա այլանդակություն է, իսկական սատանա… Բա էն Կճոյան է, զահրումար է…»:
Սերոբյանը հավաստիացրել է, որ ոչ թե կաթողիկոսի և նախագահի հասցեին արված քննադատությունն է առիթ հանդիսացել, որպեսզի Հասմիկ Պողոսյանը հրաժարվի ընդունել Ծատուրյանին, այլ վերջինիս մեկնաբանությունը, թե իրեն կանչում են՝ ազատվելու դիմում գրելու համար:
Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ հանդիպումը նախաձեռնել էր ինքը՝ Ծատուրյանը՝ Galatv-ին տված հարցազրույցից օրեր առաջ: Սակայն երբ հանդիպման պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել, «նա արել է անտեղի մեկնաբանություն այն մասին, թե իրեն կանչել են ազատման դիմում գրել տալու»: