2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Թուրքիայում առաջին անգամ կին պատգամավորները նիստի են ներկայացել հիջաբով

Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ կին պատգամավորները նիստի են ներկայացել հիջաբով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սեպտեմբերի 30-ին ներկայացված բարեփոխումների փաթեթի համաձայն՝ Թուրքիայում վերացվել է պետական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը:

Որոշումը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 8-ին, որից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կին պատգամավորները խորհրդարան են ներկայացել հիջաբով:

Թուրքիայի հասարակությունը բաժանվել է այս նորարարության կողմակիցների ու հակառակորդների: Հակառակորդները կարծում են, որ նման քայլերը տանում են երկրի մահմեդականացման ու հակասում են հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի կողմից ներկայացված՝ Թուրքիայի աշխարհիկության սկզբունքին:

Հոկտեմբերի 31-ին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Դիլեք Աթագյուն Յիլմազը ցուցադրաբար հանել է բաճկոնը՝ ցուցադրելով Աթաթյուրքի պատկերով շապիկը: