Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում կրկին ընտրվել է Իշխան Զաքարյանը: Այսօր ԱԺ-ում կայացած քվերակության ժամանակ Զաքարյանը 88 կողմ ձայն է ստացել, 13 պատգամավոր դեմ են քվեարկել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ ՎՊ նախագահն այսուհետ պետք է միայն խոսի այն բացահայտումներից, որոնք համապատասխանում են իրականությանը:
«Պետք է աջակցնենք, որ Վերահսկիչ պալատը նորմալ աշխատի, պետք է բերվեն այն տվյալները, որոնք ճիշտ են, հիմնավոր են և որոնց հնարավոր է իրավական գնահատական տալ: Քննադատություններ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Վերահսկիչ պալատի նախագահի և ողջ անձնակազմի խնդիրը դա է՝ վերհանել իրավախախտումները», – ասել է Աբրահամյանը:
Epress.am-ի ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Իշխան Զաքարյանը հինգ ամիս առաջ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ էր անում, այսինքն՝ զրպարտում էր, Աբրամայանը պատասխանել է՝ «Ձեզ (նկատի ունի լրագրողին)՝ ոչ»:
Նշենք, որ ՀԱԿ խմբակցությունը որոշել էր չմասնակցել քվեարկությանը, սակայն խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը: