Դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելը, իսկ առավել ևս, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ և չի՛ կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:
«Հիմքում ունի մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ», -ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Դատախազությունը նաև տեղեկացնում է, որ նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից:
«Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը», -ասված է հողորդագրության մեջ:
Դատախազությունը միաժամանակ տեղեկացնում է, որ «Հանրապետության նախագահի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի»:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ նախագահն իրավունք չունի նման հարցերում միջամտել, քանի որ խափանման միջոցը փոխելը բացառապես դատախազության իրավասության ներքո է: