Ռուսաստանյան Պոդոլսկի մոտ հուլիսին տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դատարանում բողոք է ներկայացրել քննիչի գործողությունների դեմ, քանի որ վերջինս Հարությունյանին դատարան էր տեղափոխել խալաթով, գրում է kp.ru-ն:
«Մեղադրյալին դատարան տեղափոխել կնոջ խալաթով ու ծովափնյա հողաթափերով, կարծում եմ, կալանավորներին պահելու մասին օրենքի խախտում է»,- ասել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ Հարությունյանը քննիչին խնդրել էր կապվել իր հարազատների հետ, որպեսզի իր համար նորմալ հագուստ բերեն, սակայն ոստիկանությունում նրա խնդրանքին չեն արձագանքել:
«Ստացվում է՝ քննիչը մեզ մոտ ոչ մի բանի համար պատասխանատու չէ՞: Մերկ ձերբակալեր, մերկ էլ կբերեր, մինչև որ ՔԿՀ կհանձներ: Մենք դատարանին կոչ ենք անում քննիչի գործողությունները անօրինական ճանաչել», – ասել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: