Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչն այսօր չի ներկայացել դատարան, որտեղ պետք է քննեին այդ կառույցի դեմ ներկայացված Վարդգես Գասպարիի բողոքը:
Քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին դատարանում բողոքարկում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը՝ իր հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Գասպարին պահանջում էր գործ հարուցել սեպտեմբերի 2-ին Փակ շուկայի մոտ իր խաղաղ ցույցը երկու անձանց կողմից խանգարելու, անօրեն իրեն բերման ենթարկելու և երեք ժամ ոստիկանությունում պահելու փաստերի առթիվ, ինչը ՀՔԾ-ն չի արել:
Ւնչպես Epress.am-ին հայտնել է Գասպարին, իր պաստառը հափշտակել են երկու անձինք, որոնք, ըստ ունեցած տեղեկությունների, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանի աշխատակցիներ են: Գասպարիին բողոքել է, սակայն գողերին գտնելու փոխարեն նրան տարել են ոստիկանության բաժին:
Փաստերի առթիվ գործ չհարուցելը ՀՔԾ-ն պատճառաբանել է նրանով, որ կոնկրետ հանցագործություն չի եղել: Այսօրվա դատական նիստին ՀՔԾ ներկայացուցիչը չէր ներկայացել դատարան՝ կառույցի որոշումը պաշտպանելու:
Նա նաև չէր ուղարկել դատարանին որևէ հիմնավորում՝ բացակայությունը հարգելի համարելու համար: 10:00-ին նախատեսված նիստը մեկնարկել է 20 րոպե ուշացումով: Դատավոր Գագիկ Պողոսյանը դահլիճ է եկել միայն հայտարարելու պատասխանողի բացակայության պայմաններում նիստը գումարելու անհնարինության մասին և հետաձգել է այն: Վարդգես Գասպարին ասել է, թե ակնկալում է, որ դատավորը ներողություն կխնդրի իրեն 20 րոպե սպասեցնելու համար: Պողոսյանը, սակայն, հայտարարել է, որ հայցվորի ակնկալիքները չեն արդարնա, ու հաջորդ նիստը նշանակել է դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում