Home / Տեսանյութեր / Գազի թանկացման դեմ հազարավոր ստորագրություններ հանձնեցին դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գազի թանկացման դեմ հազարավոր ստորագրություններ հանձնեցին դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 15-ից  մինչ օրս Ազատության հրապարակում «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության սկսած ստորագրահավաքի արդյունքում հավաքված  մոտ 12 հազար դիմումներից 5130-ը նախաձեռնության անդամները  այսօր հանձնել են Վարչական դատարան՝ պահանջելով որպես 3-րդ կողմ ներգրավել նաև սպառողներին: Այս մասին այսօր Վարչական դատարանի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է  Անդրեաս Ղուկասյանը:

Դեռևս օգոստոսին նախաձեռնությունը դատարան էր դիմել և պահանջել անվավեր ճանաչել Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը, որը նախձեռնության ներկայացուցիչները անօրինական են համարել:

«Մեզ համար կարևոր էր հանրային աջակցությունը, որպեսզի դատական պրոցեսը լինի բանավոր ընթացակարգով, ինչը հնարավորություն կընձեռի  մանրամասն քննարկել անօրինական քայլերի դիմելու  ու ապօրինի որոշում կայացնելու մասին որոշումները: Կա հստակ պատկեր, որ հանձնաժողովը կատարել է քաղաքական պատվեր և գազի ու էլէկտրաէներգիայի սակագները բարձրացնելու հիմքեր չկան, իսկ բարձրացումը արհեստական բնույթ է կրել», – ասել է Ղուկասյանը:

1gas

Նա նշել է, որ դատարանում անաչառ որոշում կայացնելու հարցում շատ կարևոր է հանրության ուշադրությունն ու մասնակցությունը:

«Երեկ տեղեկացանք, որ դատարանը որպես երրորդ անձ այս վեճերում ներգրավել «ՀայՌուսգազարդ» և «Հայաստանի էլեկրտական ցանցեր» ընկերություններին, որը նույնպես իրավաչափ որոշում չէ, ու սա նշանակում է, որ այս մեկ շաբաթում հանրության ցուցաբերած աջակցությունը իշխանությունների կողմից աննկատ չի մնացել: Իրենք փորձում են իրենց գործողություններով  դատական պրոցեսի շրջանակում «փրկել» խայտառակ որոշումը», – ասել է Ղուկասյանը:

Ակցիայի մասնակից Անի Կաղինյանը շեշտել է, որ Երևանում մեկնարկած ստորագրահավաքը ավելի մեծ թափ է առնելու՝  շարունակվելու է Գյումրիում և Վանաձորում, և աստիճանաբար միանալու են նաև Հայաստանյան ամենահեռավոր գյուղերը:

«Խնդրում եմ բոլորին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, սա բոլորիս խնդիրն է: Ստորագրահավաքի արդյունքում երեկ Վարչական դատարանը մեզ առձեռն փոխանցեց իրենց որոշումը, ինչը զարմանալի տեղաշարժ էր, քանի որ 4 ամսվա ընթացքում ոչ մի արձագանք չէր եղել նրանց կողմից», – ասել է Կաղինյանը: