Մոտ ապագայում հետխորհրդային տարածքի երկրների համար կստեղծվի ցանցային համալսարան և ընդհանուր պատմության դասագրքեր, ինչը նպատակ ունի ամրապնդել ինտեգրման գործընթացները: Այս մասին վերջերս հայտարարվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի հովանավորությամբ գործող միջազգային խմբի հանդիպմանը: Նախաձեռնության մասին հայտնել են Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր Անատոլիյ Տորկունովը և Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Պատմության միասնական դասագիրք ստեղծելու փորձ առաջին անգամ չէ, որ արվում է: Ինչպես Epress.am-ին հայտնել է ԿԳՆ-ի բուհական բաժնի պետ Սասուն Մելիքյանը, դեռ 2000-ականներին Եվրամիությունը ծրագրում էր Կովկասյան պատմություն գրել, սակայն այդ փորձը տապավել է, քանի որ չի հաջողվել համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի պատմաբաններին:
Ըստ մշակութաբան Վարդան Ջալոյանի՝ նման նախաձեռնությունները կարելի է համարել հիշողության քաղաքականություն, այսինքն՝ փորձ օգտագործելու պատմական հիշողությունը քաղաքական նպատակների համար: Ջալոյանի խոսքով՝ Ռուսատանում արդեն պատմության դասագրքերի մի քանի տեսակներ կան, և դրանք փորձում են թույլ չտալ, որ պատմությունը հակասի պաշտոնական տեսակետներին:
Ջալոյանը նշել է, որ ԱՊՀ տարածքում պատմագրությամբ զբաղվողները հիմնականում պատվեր են կատարում, հետևաբար նրանց գրածներից ոչ մի հարցում ընդդիմությունը և իշխանությունը չեն կարող համաձայնել: Արդյունքում որպես ճշմարտություն ընդունվում է իշխանության տարբերակը, իսկ ընդդիմությանը՝ գրաքննվում է: Նման իրավիճակը, ըստ Ջալոյանի, հատկապես բնութագրական է հայ պատմագրության համար:
«Ուկրաինայում, Վրաստանում, մերձբալթյան երկրներում գրվում է նաև ոչ իշխանական տեսակետը, ինչն էլ հենց դուր չի գալիս Ռուսատանին, քանի որ այդ գրքերում խոսվում է ռուսների՝ դաժան իմպերիալիստներ լինելու մասին»,- ասել է մեր զրուցակիցը:
Ըստ Ջալոյանի՝ Հայաստանի դեպքում, ոչ միայն նորագույն պատմությունում, այլև 19-րդ դարի պատմագրությունում, ընթերցողին չի ներկայացվում որևէ դրվագ, որը Ռուսաստանի շահերի դեմ է:
«Գոնե հիշեցնեին, որ Լեոն, Աշոտ Հովհաննիսյանը ինչ են գրել ռուսների՝ Հայաստանում ունեցած դերի մասին: Ոչ մի երկխոսություն չկա նաև Սփյուռքի պատմաբանների հետ, որոնց մեծ մասին Հայաստանում համարում են ազգի դավաճաններ և ում գրածները բացարձակապես չեն համընկնում Հայաստանում գրված պատմության հետ», – ասել է Ջալոյանը:
Անդրադառնալով ընդհանուր դասագրքերի գաղափարին՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ պատմությունը խիստ քաղաքական երևույթ է, և այն ընդհանրացնելը հանգեցնելու է նրան, որ այդ գրքերում գերակշռող լինի Ռուսաստանի պատմությունը, և մի քանի խոսք լինի այլ պետությունների մասին, օրինակ, Հայաստանի դեպքում նշվի միայն Արշակունիների, Ուրարտուի մասին և այլն:
«Խորհրդային տարիներին մենք ևս անցնում էինք ԽՍՀՄ-ի պատմություն, որը հիմնականում Ռուսաստանի պատմություն էր: Նման այլ օրինակներ Եվրամիությունում ևս կան. Գերմանիան և Ֆրանսիան փորձել են ստեղծել ընդհանուր դասագրքեր»,- ասել է նա:
Հրանուշ Խառատյանի խոսքով՝ նման միասնական գրքերում պատմական իրադարձությունների շարադրության մեջ կարևոր է մասնակից երկրների քաղաքական կշիռը. պատահական չէ, որ պատմությունը եվրակենտրոնացվում է: