Գլխավոր / Հայաստան / Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության մեջ մեղադրվողը պատմել է՝ ինչպես են իրեն ծեծել

Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության մեջ մեղադրվողը պատմել է՝ ինչպես են իրեն ծեծել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով երեկ տեղի ունեցած նիստին ամբաստանյալ Հարություն Սարգսյանը հայտարարել է, որ երբեք չի ընդունի իրեն մեղսագրվող արարքը, քանի որ դիմացել է և դա չի արել  դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ Գյումրիի ոստիկանությունում, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնպես էլ Երևանի ՁՊՎ-ում: Ամբաստանյալի ցուցմունքի տեքստը Epress.am-ին տրամադրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը:

Հարություն Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ իրեն ծեծելու գործընթացին մասնակցել է նաև  քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանը, ով այժմ Երևանի ոստիկանապետն է: Այդ ծեծը, նրա խոսքով, ամենադաժանն էր, որից հետո նույնիսկ կորցրել է գիտակցությունը:

Ամբաստանյալը մանրամասնել է, որ Գյումրու ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել ապրիլի 12-ին:

«Ոստիկանության աշխատասենյակներից մեկում կային 4-5 հոգի: Ինձ հարցնում էին, թե ես կապ ունե՞մ քաղաքապետի աղջկա ու Կարեն Եսայանի հետ: Բավական ուշ էր, երբ սենյակ եկան 7- 8 դիմակավորված անձինք: Նրանց հետ ներս մտավ նաև Գյումրու մարզային վարչության պետի տեղակալը:  Հետագայում իմացա, որ այդ անձը Վահրամ Ենգոյանն էր: Նա սկսեց ինձ հարցեր տալ, թե ով է սպանել Կարեն Եսայանին: Պատասխանեցի, որ չեմ ճանաչում նրան և այդ սպանության մասին տեղյակ չեմ: Նման պատասխան լսելուց հետո բռունցքներով հարվածեց ինձ ու հայհոյեց: Հարվածներ էր հասցնում երիկամներիս, հետո մի անգամ էլ խփեց ձախ ականջիս: Դրանից հետո ընկա գետնին, վերցրեց ռետինե սև մահակ ու հարվածեց ոտքերիս: Ամբողջ ծեծի ընթացքում հայհոյում էր ու հրամայում, որ սատկացնեն ինձ: Հետո դիմակավորվածները սկսեցին հարվածել ինձ, թե մարմնիս որ հատվածին էին խփում, չեմ հիշում: Լավ հիշում եմ սենյակի հոսանքի բաց լարերը, ու որ կոչումով գնդապետը ամեն անգամ ասում էր` լարերից հեռու պահեք:

Ծեծից հետո ինձ հարցաքննեց քննիչ Խաչիկ Հայրապետյանը: Նրան տված ցուցմունքում նշված շատ հանգամանքներ իրականությանը չեն համապատասխանում: Ընթացքում եկավ Կարեն Բաբակեխյանը, հարցեր տվեց սպանության կապակցությամբ: Ուշ էր արդեն, Բաբակեխյանը հրահանգեց, որ ինձ տանեն մարզային վարչության իր սենյակ: Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, 2 քաղաքացիական հագուստով մարդիկ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր: Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինե սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծը այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել», – պատմել է Սարգսյանը:

Նույն նիստի ընթացքում ամբաստանյալի փաստաբան Լուսեին Սահակյանը մի շարք միջնորդություններ է ներկայացրել: Մի քանիսը վերաբերել են գործում առկա  մի շարք ապացույցների անթույլատրելի համարելուն, մեկը վերաբերել է դռնփակ նիստ անցկացնելուն, իսկ վերջինը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելուն:

Վերջին երկու  միջնորդությունները դատավոր Մարտին Սարոյանը մերժել է, իսկ ապացույցների մասով ասել է, որ այդ միջնորդությունները կգնահատի խորհրդակցական սենյակում:

Դռնփակ նիստը, ըստ Լուսինե Սահակյանի անհրաժեշտ էր մի վկայի հարցաքննելու համար:  «Այդ մարդը Գումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մտերիմ շրջապատից է, ունի կարևոր տեղեկություններ, սակայն վախենում է դրանք հայտնել Ղուկասյանի կողմի ներկայությամբ: Դատարանը կարող էր ապահովել նրա անվտանգությունը, սակայն չցանկացավ դա անել»,- Epress.am-ին ասել է փաստաբան Սահակյանը: 

Լուսանկարը՝ Asparez.am

Tekali Taxi