Home / Տեսանյութեր / Փաշինյանի Նախաձեռնությունը մասնակցելու է նախագահական ընտրություններին

Փաշինյանի Նախաձեռնությունը մասնակցելու է նախագահական ընտրություններին

Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրել է իր նախաձեռնած Քաղաքացիական պայմանագիրը և հրապարակել է պայմանագրի կառավարման խորհրդի կազմը:

Խորհրդի անդամներն են ինքը՝ Փաշինյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, արևելագետ Արայիկ Հարությունյանը, լրագրող Ալեն Սիմոնյանը, արևելագետ Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և բնապահպան-ակտիվիստ, լրագրող Լենա Նազարյանը։ Խորհրդի կազմը ենթակա է համալրման: Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, խորհրդում որոշումները կայացվելու են կոնսենսուսով։

Պայմանագրի 1-ին կետը, մասնավորապես, սահմանում է․

«Սույն պայմանագրի մասնակիցների նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված՝ օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, Մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության և կիրառելիության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանման և զարգացման, Հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի իրական լծակներով օժտելու, Հայաստանի՝ Հայ ժողովրդի բնակության և զարգացման լավագույն եւ ամենագերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա»:

Փաշինյանը նշել է, որ առաջիկայում կհրապարկվի «Վերադարձ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրամը ֆինանսավորելու է պայմանագրի կառույցների ստեղծումը Հայաստանի բոլոր համայնքներում, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ըստ Փաշինյանի՝ մյուս կարևոր քայլը, որ կատարվելու է, պայմանագիրը կնքած մարդկանց հետ համաժողովի անցկացումն է, որը տեղի է ունենալու ամենաուշը 3 տարվա մեջ:

Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնողն ավելացրել է, որ կարևոր է, թե պայմանագրին միացող ցանկացած մարդ հստակ իմանա իր անելիքը և ունենա կոնկրետ սպասելիքներ պայմանագրից՝ իմանալով նաև, թե ինչ սպասելիքներ ունի պայմանագիրն իրենից: Ինչպես ավելացրել է խորհրդի անդամ Մարինե Մանուչարյանը, պայմանագրի անդամները պետք է մասնակցեն մարզերում կազմակերպվելիք հանրային միջոցառումներին, որպեսզի մարդկանց ծանոթացնեն պայմանագրի էությանը:

Խորհրդի անդամ Լենա Նազարյանն ասել է, որ իր համար պայմանագրերի առավելություններից է այն, որ նախաձեռնությունը շատ ընդգրկուն է և որ այն բացառում է պարտությունը: Արսեն Խառատյանն էլ ավելացրել է, որ իր համար կարևոր է, թե պայմանագիրը միտված է նաև խրախուսել հայրենադարձությունը և դրան միացող ցանկացած ոք՝ լինի Հայաստանից, թե սփյուռքից, պետք է հանձնառություն ունենա Հայաստանում ապրելու: Խորհրդի անդամները շեշտել են նաև պայմանագիր կապած մարդկանց հարաբերությունների հորիզոնական լինելը:

Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ արդյոք ինքը պատրաստվում է որպես Քաղաքացիական պայմանագրի թեկնածու առաջադրվել նախագահական ընտրություններում: Փաշինյանը պատասխանել է, որ պայմանագիրը մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին, բայց թե ով է լինելու թեկնածուն՝ կորոշվի ապագայում՝ հանրային քննարկումների միջոցով:

«Հասնելու ենք իշխանության փոփոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ թե պահանջելու ենք, այլ հասնելու ենք նրան, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը չեն լինելու իշխանություն։ Ազատ, արդար թափանցիկ ընտրություններով ստանալու ենք ՀՀ քաղաքացիների վստահության քվեն։ Կարող եմ ասել, որ քաղաքացիական պայմանագրի կարևորագույն արդյունքը լինելու է հենց դա։ Այսօր զարգացման թիվ մեկ խոչընդոտ Սերժ Սարգսյանը՝ իր թիմով և մերձավորներով, չի ունենալու այն, ինչ այսօր ունեն»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքացիական պայմանագրի ամբողջական տեքստը՝ այստեղ 

Tekali Taxi