Home / Տեսանյութեր / ՀԱԿ-ն ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց կհարուցի

ՀԱԿ-ն ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց կհարուցի

Վերջին շրջանում կառավարության հայտարարություններից ու պարտադրված խոստովանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2011թվականից ի վեր թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը։ Այս խնդիրը բարձրացնում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն այսօր տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ իշխանություններն այդ փաստն այժմ փորձում են արդարացնել նրանով, որ, իբր, այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի հետ նաև բանակցություններ են ընթացել գազի գնի շուրջ։

«Արդարացումներն անհեթեթ են, քանի որ հենց այդ ընթացքում երկու անգամ փոխվել, ավելացել է գազի մատակարարման մեծածախ գինը՝ դառնալով նախ 240, ապա 280 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց։

Գազի գնի բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարակությունից, այլև Ազգային ժողովից։ Կառավարությունը չի խորշել անգամ Պետական բյուջեի մասին 2011, 2012, 2013թթ. օրենքների բացահայտ խախտումից և առանց ԱԺ որոշման, գաղտնաբար կուտակել է պետական պարտք, որն այս պահին հասնում է ավելի քան 300 միլիոն դոլարի։

Բոլոր այս թանկացումներից հետո այժմ սահմանի վրա ռուսական գազի մեծածախ գինն իջել, դարձել է 189 դոլար 1000 խ/մ-ի դիմաց, այսինքն՝ նախնական գնից ընդամենը 9 դոլարով ավելի, որից հաշվարկվում էր հանրապետությունում մանրածախ գինը մինչև վերջին թանկացումը։ Գնագոյացման մեխանիզմների մեջ այլ փոփոխություն չի եղել, սակայն, սպառողի համար գազի գինը (1000 խ/մ համար) անհասկանալիորեն բարձրացվել է 60 դոլարով։

Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են նաև Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին ՀՀ օրենքը։ Առանց Բյուջեի մասին օրենքի եկամուտների մասում փոփոխություն կատարելու, որպես ապօրինաբար կուտակված արտաքին պարտքի մարման միջոց ընտրվել է «Հայռուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Դա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ պետության 20% այդ բաժնեմասն ընդգրկված չէ սեփականաշնորհման ծրագրում։ Հայ Ազգային Կոնգրեսը դեռ 2012թ. հոկտեմբերին ԱԺ-ում հայտարարել էր, որ կառավարությունը գաղտնի  և ապօրինի որոշում է ընդունել այդ բաժնեմասի վաճառքի մասին, ինչն այն ժամանակ հերքեց նույն կառավարությունը, իսկ այժմ, ահա, հաստատվում է փաստերով ու փաստաթղթերով: Այսպիսով՝ մեր առջև է ռեժիմի հանցավորության հերթական խայտառակ փաստը», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ, դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության և օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաև այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն,  կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։

Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել և հրապարակավ պաշտպանել այն։

Tekali Taxi