հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայաստանցիների համար Դուբայում ամանորյա հանգիստը Ծաղկաձորից ու Դիլիջանից էժան է

Հայաստանցիների համար Դուբայում ամանորյա հանգիստը Ծաղկաձորից ու Դիլիջանից էժան է

Տուրիստական ընկերություններ դիմած բազմաթիվ հայաստանցիներ ի վերջո Ամանորին որոշում են գնալ Դուբայ, նույնիսկ եթե մինչ այդ այլ ծրագրեր ունեին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Համար մեկ» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Լուսինե Ջանինյանը։ Նրա խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ Դուբայում Ամանորն անցկացնելու առաջարկները հաճախ ավելի մատչելի են, քան հայաստանյան հանգիստը։

Դուբայում երկու անձի համար նախատեսված 4-աստղանի հյուրանոցում 7-օրյա հանգստի փաթեթի գինը մոտ 1600 դոլար է՝ ներառյալ ինքնաթիռի տոմսի արժեքը: Հայաստանցիների երկրորդ նախընտրելի ուղղությունը Թաիլանդն է, որտեղ 10-օրյա հանգիստը մեկ անձի համար արժե 1600 դոլար՝ ներառյալ տուրերը:

Ջանինյանը նշել է, որ ամանորյա հանգիստը, օրինակ, «Դիլիջան Ռեզորթ»-ում մեկ անձի համար արժե 480 հազար դրամ՝ 7 օրվա համար: Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցում 2 հոգու համար հանգիստն արժե 610 հազար դրամ: Չնայած բարձր գներին՝ նմանատիպ հյուրանոցներում արդեն նոյեմբերից բոլոր տեղերը զբաղեցված են:

Այս պահի դրությամբ տոնական օրերի համար ազատ համարներ կարելի է գտնել Հայաստանի համեմատաբար համեստ հանգստյան տներում, թեև կրկին գները ցածր չեն՝ 6 օրը սկսած 140 հազար դրամից:

Տուրիստական գործակալության աշխատակիցը նկատել է նաև, որ այս տարի Հայաստանի քաղաքացիների մոտ էլ ավելի է ամրապնդվել արտասահմանյան երկրներ Թբիլիսիից ուղևորվելու միտումը։ Ջանինյանի խոսքով՝ մասնավորապես, իրենց գործակալության օգնությամբ ամանորյա հանգստի մեկնող զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է հասնել Վրաստան մեքենայով։ Այդ դեպքում մարդիկ պատկառելի գումար են խնայում, քանի որ Վրաստանում ավիատոմսերն էականորեն էժան են, իսկ Երևանի չվերթներից օգտնվում են հիմնականում նրանք, ովքեր հանգստի են մեկնում մանկահասակ երեխաների հետ: