Ոստիկանությունը պնդում է, որ Բաղրամյան 26-ի դիմաց նստացույց անող Աշոտ Խուդոյանի և նրա ընտանիքի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից «ֆիզիկական ուժ և բռնություն չի կիրառվել, և նրանց արգելանքի տակ չեն պահել»: Այս մասին ասված է Ոստիկանության՝ «ՍիվիլՆեթի» հարցման պատասխանում։
«Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերով չեն հիմնավորվել Խուդոյանին առևանգելու, նրան փակի տակ պահելու և բռնություն գործադրելու հանգամանքերը», – մասնավորապես, ասված է պատասխանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ Պուտինի այցի օրը, նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված Աշոտ Խուդոյանի ընտանիքը տնային կալանքի տակ էր: Նախագահականի դիմաց նստացույց անող քաղաքացի Էմմա Սահակյանը նույն օրը Epress.am-ին պատմել է, որ Աշոտ Խուդոյանը կարողացել է հեռախոս խնդրել իր տան պատուհանի կողքով անցնողից և զանգահարել իրեն: Ընտանիքի հայրը Սահակյանին ասել էր, որ իրենց տան ելումուտն արգելում են հսկող ոստիկանները, երեխաները ևս դպրոց չեն կարողանում գնալ, քանի որ, երբ քաղաքացիական հագուստով 15 անձինք երեկ իրենց հեռացրել են նախագահականի մոտից, Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ են մնացել իրենց և երեխաների հագուստն ու կոշիկները, որոնք ոստիկանները չեն բերել Էջմիածին:
Ավելի վաղ Աշոտ Խուդոյանը նախագահական նստավայրի դիմաց կարել էր բերանը, որից հետո նրան ուժով տարել էին հոգեբուժարան, սակայն նույն օրը բաց էին թողել։ Հաջորդ օրը Խուդոյանին ընդունել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչից հետո նա քանդել էր բերանի կարերը և դադարեցրել նստացույցը։
Համաձայն Խուդոյանի՝ Կոստանյանը խոստացել է, որ գործը կվերաքննվի, բայց գործը մնացել է Էջմիածնում՝ նույն դատախազի մոտ: